Հայաստանյան քաղաքական իրականությունը գնալով ավելի իներտ է դառնում, ու այդ հարցում, ցավոք սրտի, հասարակությունը գնալով ավելի պասիվ դիրքերում է հայտնվում։ Պահանջ ու օրակարգ ձևավորողի ֆունկցիան հասարակությունը վաղուց զիջել է իշխանությանը։ Դա տեղի չի ունեցել ինքնաբերաբար, այլ քաղաքական որոշակի էվոլյուցիայի արդյունք է։ Բնականաբար, ընդդիմությունն էլ իր մեղքի բաժինն ունի, ու այն վակուումը, որ ասյօր առկա է ընդդիմադիր դաշտում, դեռևս ոչ մեկ չի կարողանում լրացնել։ Այնպես չէ, որ սա նոր խնդիր է, սրա մասին շատ ենք խոսել, նույնիսկ գրեթե նույնանման իրավիճակ ենք ունեցել, երբ, օրինակ, 2007 թվականի ընտրություններում ընդդիմությունը տարբեր ֆրակցիաների գնով մի կերպ հաղթահարեց 5 տոկոսի շեմը «Ժառանգության» տեսքով, իսկ ահա 2008 թվականի նախագահական ընտրություններում մեծ քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանը վերցրեց ընդդիմադիր զանգվածն, ու դեռ երկար տարիներ նրա ղեկավարած շարժումը մնաց տիտղոսային ընդդիմության կերպարում։ Այժմ, իհարկե, իրավիճակ է փոխվել, որովհետև, մեծ հաշվով, իշխանությունը օպոնենտի խնդիրները լուծեց, սակայն կամա, թե ակամա անցավ մի Ռուբիկոն, որն այս պահին գլխացավանք է դարձել հենց իր համար։ Խոսքը հզոր փոխզսպման մեխանիզմի բացակայության մասին է, որի մասին ընդդիմությանը ոչնչացնելիս կարծես թե մոռացել էր Սերժ Սարգսյանը։ Միգուցե նա չէր էլ մոռացել ու չէր առաջնորդվում դիտավորությամբ։ Այդպես ուղղակի ստացվեց, որովհետև նախագահն ինքը մի քանի անգամ ասել է, որ առաջնորդվում է ոչ թե երկարաժամկետ պլաններով, այլ այսրոեպական մարտահրավերները լուծելու մոտեցումներով։ Արդյունքում արդեն Հայաստանի քաղաքական ցիկլը մտել է փակ շրջան, որտեղ էլիտայի վերադասավորումը կարող է այլևս բավարար չլինել իշխանության երկարաժամկետությունը լուծելու համար։ Մյուս կողմից՝ ինչ-ինչ, բայց այդ գործում Սերժ Սարգսյանը մեծագույն վարպետ է, ուստի այդ խնդիրն էլ կարող է հաջողությամբ լուծել, որովհետև այս պահին հանրության քաղաքական հավակնությունները գրեթե զրոյի են հավասարվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել