«Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հրապարակվեց Եվրահանձնաժողովի և Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ: Սա այն փաստաթուղթն է, որը եվրահանձնաժողովը համաձայնեցրել է և ուղարկել է Եվրոպական խորհրդին, որը հաստատելու համար պետք է ստանա անդամ երկրների համաձայնությունը: Սա հարցի իրավական կողմն է, բայց շատ ավելի կարևոր է քաղաքական կողմը: Չեմ բացառում, որ փաստաթղթի հրապարակմամբ ԵՄ-ն որոշակի ուղերձ հղեց նախ այն պետություններին, որոնք դեռևս չեն թարգմանել համաձայնագրի տեքստը, ինչպես նաև այն երկու պետություններին, որոնք փորձում են Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում ալիևյան դիրքորոշմամբ ձևակերպումներ մտցնել»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ համաձայնագրի տեքստը հրապարակվեց Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից առաջ: «Փաստաթղթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումն ընդհանուր առմամբ ընդունելի է հայկական կողմերի և անընդունելի Ադրբեջանի համար: ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման դեպքում, նշեմ, որ այն անժամկետ է, ԵՄ անդամ պետությունները ԼՂ հակամարտության հարցով պետք է առաջնորդվեն փաստաթղթում ամրագրված ձևակերպմամբ: Սա, ի դեպ, ևս հակասում է այն քաղաքականությանը, որը տանում է Ադրբեջանն այսօր»,- նշեց նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: