Նոր զարգացումներ Քիրքուքի շուրջ. Իրաքում ավելի է շիկանում ռազմական իրավիճակը
Ըստ մի շարք աղբյուրների՝ իրաքյան դաշնային ԶՈւ-երը, կատարելով երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հրամանը, հարձակվել են քրդերի կողմից վերահսկվող վիճելի Քիրքուք նահանգի վրա՝ «գրավելով զգալի տարածություն» նավթով հարուստ շրջանում:
Ռազմագործողությունը մեկնարկել է Իրաքի վարչապետի կողմից երկրի նախագահ Ֆուադ Մասումի (ազգությամբ քուրդ) միջոցով Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարությանը ներկայացված 6 կետից բաղկացած վերջնագրի վերջնաժամկետի ավարտից հետո (հոկտեմբերի 15), որի միջոցով դաշնային կառավարությունը պահանջում էր քրդերից հետ քաշել զորամիավորումները մինչև 2014 թ. ամառը զբաղեցրած դիրքերը և հանձնել նահանգի կառավարումը: Քրդական կողմն իր հերթին ակնարկել էր, որ չի պատրաստվում հանձնել նահանգը՝ համալրելով այնտեղ տեղակայված ռազմական կոնտինգենտը ևս 6 հազարով:
Սոցիալական ցանցերից ստացված տեղեկատվության համաձայն՝ իրաքյան էլիտար հատուկ նշանակության ուժերը ժողովրդական աշխարհազորի («Հաշդ ալ-Շաաբի») աջակցությամբ փորձել են գրոհել Քիրքուքի ավիաբազան (բազա K1), որի հարևանությամբ տեղակայված է նավթի խոշոր հանքավայր:
Նշվում է նաև, որ Քիրքուքի հարավում՝ արդյունաբերական Թազա Խուրմաթու շրջանում, մարտեր են ընթանում կառավարական ուժերին հարող թուրքմենական խմբավորումների և քրդական «փեշմարգայի» միջև, իսկ Քիրքուքի՝ ազգությամբ քուրդ նահանգապետը փախել է Էրբիլ:
Քրդական քարոզչամեքենան իր հերթին հաղորդել է, որ կառավարական ուժերի հարձակումը խափանվել է, ոչնչացվել է հակառակորդի 4 մարտական մեքենա, սպանվել 50 զինծառայող: Քրդական աղբյուրների համաձայն՝ Քիրքուքի ռազմագործողությունը ղեկավարում են Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական հրահանգիչները, որոնք կցված են «Հաշդ ալ-Շաաբիի» ստորաբաժանումներին:
Փաստացի, Իրաքյան Քրդստանի տարածաշրջանում և հարակից որոշ շրջաններում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո դաշնային կառավարության հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանքով այդ երկրում կանխատեսվող զարգացումներն ավելի արագ ընթացք են ստանում: Եվ եթե հատկապես արտաքին դերակատարներին չհաջողվի կանխել ռազմական լարումը Քիրքուքի շրջանում, ապա ինչպես բուն Իրաքն, այնպես էլ ողջ Մերձավոր Արևելքը կկանգնեն նոր, պայթյունավտանգ զարգացումների շեմին՝ աննախադեպ կերպով ակտիվացնելով քրդական գործոնը ողջ տարածաշրջանում: