Պատմության մեջ այս օրը՝ 1978թ.-ի հոկտեմբերի 16-ին, ազգությամբ լեհ Քարոլ Յուզեֆ Վոյտիլան 58 տարեկան հասակում դարձավ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: Վոյտիլան նույն ինքը՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդն էր: Լեհ հոգևորականը կաթոլիկ եկեղեցու պատմության ամենահետաքրքիր և կոլորիտային առաջնորդներից էր: Նա իր հայրենիք Լեհաստանում հասցրել էր տեսնել գերմանական և սովետական օկուպացիան: Այդ իսկ պատճառով նա ուներ հստակ հակակոմունիստական դիրքորոշում: Հովհաննես Պողոս Երկորդն, իր ազդեցությունն օգտագործելով, հսկայական դեր ունեցավ 1980-ականների վերջին սոցիալիստական ճամբարի ջախջախման հարցում: Լինելով ազգությամբ լեհ՝ նա ամեն կերպ փորձում էր օգնել «Համերաշխություն» ժողովրդական շարժմանը կոմունիստների դեմ պայքարում: 1981թ. մայիսի 13-ին Վատիկանում գտնվող թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամ Մեհմեդ Ալի Աղջան մահափորձ կատարեց պապի դեմ: Հետագայում Հռոմի պապը նրա հետ հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեց, որ ներում է թուրք հանցագործին: Նա նաև առաջիններից էր, որ ընդունեց կաթոլիկ եկեղեցու կատարած հանցանքները: Մասնավորապես 2000թ. մարտի 12-ի պատարագի ժամանակ նա ներողություն խնդրեց ինկվիզիցիայի և կրոնական պատերազմների համար, իսկ 2001թ. մայիսի 4-ին Աթենքում կատարած պատարագի ժամանակ ներողություն խնդրեց 1204թ. խաչակիրների կողմից Կոստանդնուպոլիսը ավերելու և կողոպտելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: