Հայ ժողովուրդ, ամեն տարի, ապրիլին ոգևորվում ենք, հիշում Ցեղասպանությունն ու հայկական հողերը, նրանց հետ վերադարձնելու կոչեր հնչեցնում: Բայց ես ամաչում եմ արդեն ինչ-որ բան թուրքերից հետ պահանջելու մտքից, քանի որ արդեն 7 տարի է` պայքարում եմ և չեմ կարողանում «տեղացի» թուրքերից հետ պահանջել ինձանից ապօրինի զավթած, իմ արդար քրտինքով մշակած և ծառատնկած տնամերձ 1000քմ հողատարածքը: Եթե ուզում եք Երևանում տեսնել Կոշի գաղութ կամ Գուանտանամոյի բերդ, համեցեք, եկեք Թբիլիսյան խճուղի, Սևան, Ծաղկաձոր և հանրապետության 4 մարզեր տանող ճանապարհի վրա տեսեք, թե ինչ կարող են անել մեր ՎԱՅ-չինովնիկները: Հարևանությամբ կերամիկայի պահեստներն են, Իմեքս Գրուպ ՍՊԸ-ն, որի գործադիր տնօրեններ Ռաֆիկ Մանուչարյանն ու Նորիկ Խաչատրյանը, Երևանի ներքին գործերի կայազորի պետ Ներսիկ Նազարյանի հրամանով, մոտ 20 հոգի ոստիկանների ուղեկցությամբ, 1 օրվա մեջ, էքսկավատորով տակն ու վրա արեցին 300 պտղատու ծառերով, բետոնե հիմքով ցանկապատված հողամասը և ձմեռվա կեսին՝ 2006 թ.-ի հունվարի 20-25 - ը, 1 շաբաթվա ընթացքում պարսպապատեցին և փշալարերով շրջապատեցին` մեզ թողնելով փակուղու մեջ: Երբ ընդունելության էի նախկին գլխավոր քարտուղար Ս. Դանիելյանի մոտ, ներկա էր նաև ոմն Ա. Լալայանց, որը սպառնում էր տանից մեկին վնասել, եթե չդադարեցնեմ իմ բողոքները: Եվ այդ ամենը կատարվել է նախկին նախագահ Ռ. Քոչարյանի և նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի տեղեկությամբ և հովանավորությամբ: Դիմել եմ դատարան, դատարանները կաշառվել են և ոչ ճիշտ վճիռ կայացրել, քանի որ հողային օրենսգրքի համաձայն՝ վաղեմության ժամկետով այդ հողը ինձ է պատկանում: Եթե հետ չտան իմ հողը կամ չփոխհատուցեն կրածս վնասների համար, ապա ինձ մնում է դիմել մեր թշնամի երկրներին` քաղաքացիական ապաստանի խնդրանքով: Դեռ նախագահ, քաղաքապետ ու ավագանի էլ ընտրում ենք այս անարդար երկրում: Աիդա Վանեսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել