Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն հոկտեմբերի 13-ին Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Խոսքը վերաբերում է այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ժողովրդավարական ազատությունների սահմանակափման վերաբերյալ իշխանությունների որդեգրած գործելաոճին։ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը դեռ գարնանն էր առաջարկել սույն օրինագծի հիման վրա Ադրբեջանին ԵԽԽՎ-ից հեռացնելու գործընթաց սկսել, քանի որ օրենքը պարտադրում էր անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմեդովին։ Այդ մասին, ի դեպ, հայտարարել էր նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը։ Ադրբեջանն օրերս իր պաշտոնական չինովնիկների՝ ընդհուպ նախագահի, շուրթերով հայտարարեց, որ, մեծ հաշվով, իրենց համար մեկ է՝ կլինեն Եվրախորհրդում, թե ոչ, մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ, երբ այս կառույցի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր տխրահռչակ Պեդրո Ագրամունտը, Ադրբեջանը ոչ միայն օրենքներ էր ընդունում հակահայկական բանաձևերի տեսքով, այլև հսկայական գումարներ ծախսում այս կառույցում գործունեություն ծավալելու ու պաշտոնյաներին կաշառելու համար։ Հիմա, երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն ԵԽԽՎ-ն պետք չէ։ Սա ոչ մի կերպ հայկական կողմին չպետք է հետ պահի Ադրբեջանին միջազգային այս կառույցից վերջնականապես դուրս մղելուց։ Մեծ հաշվով, ԵԽԽՎ-ն ԼՂՀ հարցի կարգավորման համար մանդատ չունի, սակայն միջազգային դիվանագիտության մեջ շատ հարցեր լուծվում են հենց նմանատիպ կառույցներում շփումների ընթացքում։ Այնպես որ, պետք է շարունակել Ադրբեջանին դուրս մղելու գործընթացը։ Ինչքան շուտ, այնքան լավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: