Հայաստանում հաճախ ենք ականատես լինում այս կամ այն քաղաքական գործչի՝ իր գործընկերոջը քաղաքականապես վերացնելու անտագոնիստական դրսևորումներին, սակայն ոչ հաճախ ենք հանդիպում «քաղաքական նենգության», «քաղաքական ոչնչապաշտության» այդպիսի ակնհայտ դրսևորման, ինչպիսին Լևոն Տեր-Պետրոսյանը ի ցույց դրեց ՀԱԿԿ հիմնադիր համագումարին: Այնպիսի տպավորություն է, որ այս մարդը ապրում է հատուկ ոչնչացնելու, կամ ինչպես ինքն է ասում ՝ կազմաքանդելու համար: 
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթք անեի» կամ «… այնտեղ քազաքական գործընթաց չկա, դրա համար չմիացա» արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան «քաղաքական նենգության» ու «քազաքական հիշաչարության» փայլուն օրինակ:
Ընդհանրապես, Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական եսասիրությունը»՝ «ես կամ ոչ ոք», անընդունելի սկզբունքը մեր պետության և քաղաքական համակարգի համար ծանր հետևանքներ է ունեցել: 
Պետության ղեկավարի դերում իրենից բացի ոչ ոքի չտեսնելու, իր «ճշմարտությունը» միակ բացարձակ ճշմարտություն համարելու այդ հիվանդագին մտածելակերպն էր նաև պատճառը, որ Տեր-Պետրոսյանը 1996թ.-ին գնաց ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը պահելու հանցավոր քայլին: 1996 թ.-ին գործեց նույն Տեր-Պետրոսյանական սկզբունքը Վազգեն Մանուկյանի նկատմամբ՝ այն է՝ եթե դու իմ դեմ դուրս գաս, ես քեզ կոչնչացնեմ:
Տեր-Պետրոսյանը նույն սկզբունքը կիրառում է այս անգամ ընդդիմության իր գործընկերների նկատմամբ: 2008 թ.-ին նա պարզապես ուլտիմատում ներկայացրեց Արթուր Բաղդասարյանին՝ ուղղակիորեն ասելով «եթե դու ինձ չմիանաս, ապա ես քեզ կոչնչացնեմ»:
Պատմությունը կրկնվում է 2013 թ.-ին՝ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, այն է՝ «միանայի Րաֆֆուն, որ ի՞նչ անեի», իսկ «…այնտեղ քաղաքական գործընթաց չկա…» արտահայտությունը Րաֆֆուն վերջնականապես «ոչնչացնելու» Տեր-Պետրոսյանական փորձ էր: Ընդհանրապես, ստեղծվել է մի աբսուրդային իրավիճակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը տարբեր քաղաքական գործիչների մեղադրում է այնպիսի բաների մեջ, որոնք ինքը ժամանակին արել է:
Այսպես՝ նա իշխանություններին մեղադրում է ընտրությունները կեղծելու մեջ, սակայն 1996 թ.-ին Հայաստանում առաջին անգամ հենց ինքը կեղծեց այդ ընտրությունները: 2008 թ.-ին նա Արթուր Բաղդասարյանին մեղադրեց իրեն չմիանալու մեջ, սակայն 2013 թ.-ին նա չմիացավ Րաֆֆուն: Ժամանակին նա Գագիկ Ծառուկյանին համարում էր «ավազակապետության հենասյուն», իսկ այսօր նրան անվանում է «բուրժուական հեղափոխության» առաջնորդ: Այս փաստերը համադրելուց հետո ակնհայտ է դառնում, որ թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմադիր դաշտում առաջին նախագահը առաջնորդվում է «եթե ոչ ես, ապա ոչ ոք» անընդունելի սկզբունքով:
Հ.Գ. ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանը Րաֆֆու ղեկավարած շարժման հետ կապված մի հետաքրքիր միտք արտահայտեց, այն է՝ «այնտեղ քաղաքական գործընթաց չկա»: Եթե առաջին նախագահը քաղաքական գործընթացի կարևոր բաղկացուցիչ է համարում «մարտի 1-ի» պարտադիր առկայությունը, ապա այս մի հարցում կարող եմ համաձայնվել նրա հետ, որ իսկապես, Րաֆֆու ղեկավարած շարժումը քաղաքական չէ, քանի որ այնտեղ «մարտի 1» չեղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել