Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ եվրոպական առաջնություններից որևէ մեկում և տեղափոխությունը կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը:
«Թե´ Հայսատանում, թե´ «Շախտյոր»-ում կամ «Մետալուրգ»-ում հանդես եկած նախորդ մրցաշրջաններում ես այսքան գոլեր չեմ խփել: Ամեն օր չեմ մտածում այն մասին, թե կարող եմ գերազանցել Ստարուխինի ռեկորդը կամ որևէ այլ ռեկորդ:
Կցանկանայի հանդես գալ եվրոպական հզոր առաջնություններից մեկում: Լավ եմ զգում «Շախտյոր»-ում, սակայն, կարծում եմ, որ ակումբի ղեկավարներն ինձ կհասկանան: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ժամանակի ընթացքում ցանկանում է փոխել միջավայրը: Կարծում եմ` մրցաշրջանի ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Մխիթարյանը «Великий футбол» հաղորդման ժամանակ:
Ներկայումս հայ կիսապաշտպանն իր ակտիվում 22 գոլ է գրանցել` Ուկրաինայի առաջնության ավարտից 6 տուր առաջ: 1979 թվականին Վիտալի Ստարուխինը 26 գոլ է խփել ԽՍՀՄ առաջնության ժամանակ:



