Իրաքի Քրդստանի հանրաքվեից հետո քննարկվող հնարավոր տարբերակներից դիտարկվում էր նաև այն, որ Թուրքիան և Իրանը, կախված դեպքերի հետագա զարգացումից, հնարավոր է՝ պարզապես Իրաքի Քրդստանը վերաձևեն միմյանց միջև։
Եվ ահա վերջերս ԹՀ նախագահ Ռ․Թ․ Էրդողանի՝ «Իրաքի Քրդստանի հետ ցամաքային սահմանի հարցում Թեհրանի հետ փոխհամաձայնության կգանք» հայտարարությունը, կարծես թե, հաստատում է վերոնշալ տեսակետի, այսպես ասած, հավակնոտ լինելը։
Այն, որ Թուրքիան Իրաքի Քրդստանի հարցում առերես ջղագրգիռ մոտեցումներ է ցույց տալիս, ակնհայտ է, իսկ թե իրականում ինչ նպատակներ ունի, այդքան էլ հստակ չէ, ինչը շատ լավ գիտակցում են իրանական վերնախավում։ Սրան էլ եթե գումարենք Ռ․Էրդողանի անկանխատեսելի վարքը, տարածաշրջանում և իսլամական աշխարհում առաջնորդության համար մրցավազքի դուրս եկած լինելու հանգամանքը, արդյունքում կունենանք այն փոխադարձ անվստահության և զգուշավորության մթնոլորտը, որն առկա է երկու կողմերում էլ։
Իրանական կողմի մոտեցումներն այս խնդրին ավելի արտահայտիչ են դառնում հռետորաբանություն-գործնական քայլեր համեմատության մեջ։ Դե իսկ համեմատությունը ցույց է տալիս, որ Իրանն ամենևին էլ չի փորձում առաջին ջութակի դերը կատարել՝ այն «մեծ սիրով» զիջելով Թուրքիային, ինչպես, օրինակ, Կատարի ճգնաժամի դեպքում։ Վերջինիցս էլ, ի դեպ, Իրանը, առավել, քան որևէ այլ երկիր, քաղաքական առումով երևի թե մեծագույն օգուտը քաղեց և դեռ քաղում է։
Նույնիսկ Ռ․ Էրդողանի վերոնշյալ հայտարարությունից հետո իրանական պաշտոնական և պաշտոնականին մոտ գտնվող լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեսակետը, որ Իրաքի Քրդստանի վերնախավը պատրաստ է բանակցությունների՝ սահմանային անցակետերի և օդանավակայանների հետ կապված հարցերում։
Հարկ է նշել, որ իրանական կողմի գործողություններում աչքի է զարնում սպասողական մոտեցումը, որն, ամենայն հավանականությամբ, կապ ունի նոյեմբերին սպասվող Իրաքի Քրդստանի նախագահական ընտրությունների հետ։