Ապրիլի 4-ին Մաշտոցի պուրակում կրքերը թեժ էին: Մի խումբ մտավորականներից բաղկացած շինարարական բրիգադը, որի նպատակն է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները, անցավ գործնական քայլերի: Բրիգադի 20-25 անդամները շինարարական հագուստով մտան պուրակ, ոստիկանների համար հայտարարություն հնչեցրին` տեղեկացնելով, որ պատրաստվում են իրականացնել չափագրման և ապամոնտաժման աշխատանքներ: Ոստիկաններն էլ իրենց հերթին զգուշացրին, որ կատարելու են օրենքով սահմանված իրենց պարտականությունները և արգելելու են ապամոնտաժող խմբի անդամներին մտնել արգելապատնեշից ներս և իրականացնել իրենց մտադրությունը: Հակառակ դեպքում խոստացան հարկադրաբար դուրս բերել նրանց տարածքից:
Բրիգադի անդամները, բաժանվելով մի քանի խմբի, տարբեր ուղղություններով անցան «գրոհի»: Նրանք տարբեր կողմերից վազքով մոտենում էին կրպակներին ` անցնելով արգելապատնեշը, ոստիկաններն էլ, խմբերի բաժանված, վազելով մոտենում էին նրանց, բռնում, պառկեցնում, որից հետո մեծ դժվարությամբ դուրս հանում արգելվող տարածքից:
Հետաքրքիր է, որ «ավագ» ոստիկանները փորձում էին ամեն կերպ «հանգստացնել» հրաման կատարող գործընկերներին՝ հորդորելով որևէ ուժ չկիրառել: Ակնհայտ էր, որ ոստիկանությանը հստակ հրահանգ էր տրվել՝ ուժ չգործադրել և չձերբակալել ապամոնտաժող խմբի անդամներին: «Անցնե´լ գործի, բուտիկները պետք է վերցնել» կարգախոսով` ակտիվիստների մի մասը մի քանի անգամ «գրոհեց» կրպակների վրա, որի ընթացքում մյուս մասն էլ չափագրման աշխատանքներ էր իրականացնում:
Խմբի ակտիվ անդամ Տիգրան Խզմալյանը, որին հաջողվել էր ներս մտնել կրպակներից մեկի մեջ և որին մի կերպ դուրս բերեցին այնտեղից, գետնին նստած հայտարարեց, որ իրենք չեն դադարեցնելու իրենց գործողությունները, մինչև կրպակները չապամոնտաժվեն. «Դա կարող է 10-15 րոպեից չլինել, բայց միևնույնն է՝ մի օր լինելու է,-ասաց նա,-մենք ապամոնտաժելու ենք ողջ քրեաօլիգարխիկ համակարգը, սա ընդամենը սկիզբն է»:
Նրա խոսքով, ոստիկանններն ու նրանց հրաման տվողները նույնպես գիտակցում են իրենց սխալ լինելը, և դա է պատճառը, որ չեն ձերբակալում ապամոնտաժող բրիգադի անդամներին: «Գնդապետը զանգում է երևի նախարարին, նախարարն էլ՝ երևի նախագահին, ծիծաղելի է, որ նախագահն ու նախարարը որոշում են դատարկ շան բուտկայի ճակատագիրը”,-ասաց Խզմալյանը,-եթե բուտիկների տերը կարող է Հայաստանում ոստիկաններին հրաման տալ, ես շնորհավորում եմ մեր երկրին»:
Մինչ Խզմալյանը, գետնին նստած և ոստիկաններով շրջապատված, զրուցում էր լրագրողների հետ, մյուս կողմում ոստիկանության ներկայացուցիչը խնդրում էր մեկ այլ ակտիվիստի՝ կրպակն ազատել: «Դուրս ենք գալիս, որ էլի մտնենք»,-արձագանքեց ակտիվիստը: Ոստիկանն էլ պատասխանեց. «Դե եթե որոշել եք խաղ խաղալ, խաղանք»:
Ոստիկանության աշխատակցի կարծիքով, «կարգազանցները»խաղ են խաղում, ուզում են հասարակության ուշադրությունը գրավել, և նրենց նպատակը ոչ թե կրպակներն ապամոնտաժելն է, այլ շոու անելը: «Ե՞րբ ա քաղաքացին ասում՝ ինձ բերման ենթարկեք, դա նորմալ չի: Մենք նրանց բերման կենթարկենք այն ժամանակ, երբ նրանց գործողությունների մեջ զանցանք կամ հանցանք տեսնենք: Առայժմ նրանց գործողությունները մեր կողմից կառավարելի են»,-հայտարարեց ոստիկանը:
«Հարձակողական» և ապամոնտաժման գործողությունների ձախողումից հետո ապամոնտաժող խմբի անդամները հավաքվեցին և հայտարարություն արեցին. «Մենք այսօր տեսանք, որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին Հայաստանի հանրապետությունում անձեռնմխելի է: Սա էր մեր նպատակը և սրան մենք հասանք: Մեր հաջորդ գործողությունը կախված կլինի հանրային մասնակցությունից»:
Խմբի ակտիվ անդամ Տիգրան Խզմալյանը, դիմելով ոստիկաններին, հայտարարեց. «Ձեր առջև կանգնած է Հայաստանի Հանրապետության իրական վերնախավը, և մենք գործում ենք խիստ օրենքի սահմաններում, բայց քանի որ ձեր տերերը ապիկար են, տգետ, կրթություն չեն ստացել, ես նրանց համար ասում եմ՝ չմոռանաք, որ ձեր դեմ կգան մարդիկ, ովքեր արվեստագետներ կամ քաղաքագետներ չեն լինի, և նրանց վարքը կլինի խիստ տարբեր մեր վարքից, նրանց դեմ դուք ոչ կարմիր, ոչ էլ երկնագույն բերետ, չեք կարող դնել»:
Խզմալյանի խոսքով, ոստիկանները պաշտպանում են ոչ թե կրպակները, «այլ այն կործանումը, դեպի ուր մեր երկիրն ու արյունով ձեռք բերված պետականությունը տանում են նրանց տերերը»:
Կրպակներն ապամոնտաժող բրիգադի անդամները հույս հայտնեցին, որ հաջորդ նման գործողության ժամանակ իրենց կմիանան բազմաթիվ քաղաքացիներ: