Սիրելի երևանցիներ։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում փետրվարի 18-ին ինձ տված ձայների համար (4.1% - սա էին ինձ թողել երևանցիների ձայներից) և հայցում ձեր ներողամտությունը Երևանի ավագանու ընտրություններին չմմասնակցելու համար։ Այնուամենայնիվ Երևանն իմ քաղաքն է. այստեղ եմ ես ծնվել, մեծացել, դպրոց գնացել, ծնողներիս հետ շքերթներին մասնակցել, աշխատել, նվագել, սիրահարվել, աղջիկների հետ կինո գնացել, ամուսնացել, գրքեր գրել, երեխաներ ունեցել։ Քաղաքը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Նույնիսկ կասեի նոր-նոր պիտի ստեղծվի. քաղաքը կառավարում չունի, բյուջե չունի, բանկ չունի, լիարժեք ընտրություն չունի։ Իրավաբանորեն Երևանը քաղաք է առանց քաղաքացու։ Նայում եմ առաջադրված քաղաքական ուժերին։ Այս պահի դրությամբ ոչ-ոք լուրջ մի երկու տող տեքստ չունի գրած, բացի ընդհանուր վերամբարձ մոտեցումներից։ Սիրելի երևանցիներ, ստորև զետեղված Երևանի քաղաքական ու տնտեսական ծրարգրերը հույսով եմ կօգնեն ձեզ կողմնորոշվելու մայիսի 5-ին։ Հուսով եմ նաև, որ դրանք կօգնեն նաև մրցակցող քաղաքական ուժերին։ Ծրագրի լիարժեք տարբերակը խորհուրդ կտամ կարդալ www.bagratyanpresident.am կայքում։ Բանն այն է, որ ստորև զետեղված տարբերակում բացակայում են աղյուսակները։

Երևան քաղաքի զարգացման ծրագիր՝

“Երևանին լիարժեք ինքնակառավարում”

 Քաղաքական ծրագիր

1.            Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով։ Երևանի ավագանին ընտրվում է նույն օրը, ինչ Երևանի քաղաքապետը, ներկայումս գործող համամասնական ընտրակարգով։

2.            Երևանի քաղաքապետ կարող է լինել վերջին 10 տարիներին Երևանում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացին։ Երևանի քաղաքապետն ավագանու հաստատմանն է ներկայացնում Երևանի կառավարության կազմը։

3.            Երևանի թաղապետերին նշանակում է Երևանի քաղաքապետը։ Թաղապետերը հանդիսանում են Երևանի կառավարության անդամ։

4.            Թաղապետերանների բյուջեները վերացվում են։ Դրա փոխարեն թաղապետարաններն ունենում են ծախսերի նախահաշիվ։

5.            ՀՀ ոստիկանությունը հասարական կարգ պահպանելու և տարածքային կառավարման մարմին պետք է լինի։ Երևանի ոստիկանապետը պետք է հաշվետու լինի Երևանի քաղաքապետին։

6.            Երևան քաղաքի բյուջեն պետք է լինի ինքնաբավ։ Երևանի տարածքում գրանցված ձեռնարկությունների և իրավաբանական անձանց շահույթի, ինչպես նաև Երևանի գրանցում ունեցող քաղաքացիների եկամտահարկի 50 տոկոսը պետք է փոխանցվի քաղաքի բյուջե։ Բացի այդ քաղաքի տնօրինության տակ պետք է մնան ներկայումս գործող հարկերն ու տուրքերը (մասնավորապես, գույքահարկը)։ Երևան քաղաքի բյուջեի նախագիծը կազմում է քաղաքապետը, իսկ հաստատում է քաղաքի ավագանին։

7.            Երևան քաղաքի բյուջեն ու կառավարության կազմը ավելի քան 3 փորձից չհաստատելու դեպքում ավագանին ու քաղաքապետը հրաժարական են տալիս և նշանակվում են քաղաքապետի ու ավագանու նոր ընտրությունններ։ Մինչ այդ բյուջեի ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի ծախսերին համամասնորեն։ Հրաժարականի բացակայության դեպքում ՀՀ Նախագահը նշանակում է նոր ընտրություններ։

8.            Երևանի ավագանու անդամներին կտրվի աշխատավարձ՝ ԱԺ պատգամավորի աշխատավարձի 70%-ի, իսկ Երևանի քաղաքապետին՝ ՀՀ վարչապետի աշխատավարձի 80%-ի չափով։

9.            Երևանի քաղաքապետարանի (մունիցիպալ) սեփականության օբյեկտներն են. քաղաքի ոչ մասնավոր հատվածին պատկանող տարածքը, հանրային դպրոցներն ու հիվանդանոցները (բացառությամբ օրենքով նախարարությունների ու գերատեսչությունների տնօրինությանը հանձնված բացառիկ դպրոցներն ու հիվանդանոցները, զինվորական հոսպիտալները), պոլիկլինիկաներն ու ամբուլատոր բուժսպասարկման կենտրոնները, փողոցները, հանրային ավտոճանապարհները, շենքերը (բացառությամբ պետական ու մասնավոր շենքերի), մետրոն, հանրային տրանսպորտը և այլն։ Երևանում հանրային սպառման ապրանքների ու ծառայությունների մատուցման կարգը, կանոնները, ստանդարտներն ու կանոնակարգերը սահմանում են Երևանի քաղաքային իշխանությունները։

10.          Պետական գերակա շահի կամայական կիրարկումը իշխանությունների կողմից պետք է արգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (առնվազն թաղի, իսկ խոշոր նախագծերի դեպքում ամբողջ քաղաքի մասշտաբով) անց է կացվել հանրաքվե։ Միայն դրանից հետո կառուցապատողը պետք է բանակցի և քաղաքացիների հետ համաձայնեցնի վերջիններիս գույքի տնօրինման (իրացման) հետ կապված խնդիրները։

 

Տնտեսական ծրագիր

 

ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳ

Հարկային քաղաքականություն

 

1.            Երևան քաղաքի բյուջեին կամրագրվի քաղաքի տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված եկամտահարկի և շահութահարկի 50 տոկոսը։ Բացի այդ, կսահմանվի 5% եկամտահարկ արժեթղթերից ստացվող դիվիդենդների նկատմամբ։ Ավանդների դիմաց վճարվող դիվիդենդների եկամտահարկը 10%-ից կիջեցվի 7,5%-ի։

2.            Քաղաքի կենտրոնում կսահմանվի շինարարության հարկ՝ բնեղենով (հանձնված մակերեսով), միջինը 10% (տարբերակված ըստ տարածքային սկզբունքի)։ Երկրորդ անգամ իրացվող անշարժ գույքի նկատմամբ կսահմանվի հարկ շահույթի 5%-Ի չափով (տարբերակված տարածաշրջանային սկզբունքով)։ Սա խոշոր քայլ կլինի հարկային բեռը հավասարաչափ բաշխելու, խոշոր ձեռներեցներին հարկային դաշտ բերելու ուղղությամբ, շինարարությունը կենտրոնից ծայրամասեր վերաբաշխելու ուղղությամբ

3.            Երևան քաղաքի բյուջեի հարկային եկամուտները կլինեն.

ա) հողի հարկª Երևանի վարչական տարածքում գտնվող հողի համար (100%)

բ) գույքահարկª Երևանի վարչական տարածքում գտնվող գույքի համար (100%)

գ) Երևանի տարածքում գանձվող եկամտահարկից մասհանումներ (50%)

դ) Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ (50%)

ե) ժառանգության հարկ (100%)

զ) բնապահպանական վճարներ և ռոյալթիներ (100%)

է) անհատ ձեռներեցներից, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներից գանձվող հաստատագրված վճարումները (100%)

ը) հողի հարկի և գույքահարկի գծով Երևանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:

4.            Էականորեն կբարձրանա գույքահարկի դերը. այն կտարբերակվի ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Բացի այդ, մինչև որոշակի սահման գույքահարկը կպակասեցվի պաշտոնապես հայտարարագրված եկամուտների և վճարված հարկերի չափով (համամասնորեն)։ Սրանով իսկ ևս մեկ լուրջ քայլ կկատարվի հարկային բեռը խոշոր ձեռներեցների և մանր ու միջին բիզնեսի միջև արդարացիորեն բաշխելու ուղղությամբ։ Գույքահարկի բոլոր նորմերը կտարածվեն նաև պետական բյուջետային հիմնարկությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների վրա։

5.            Գույքի և ունեցվածքի որոշակի սահմանից սկսած կմտցվի ժառանգության պրոգրեսիվ հարկ նպատակ ունենալով բացառելու ապօրինի ճանապարհով ձեռք բերած ունեցվածքի օրինականության ապահովումը ժառանգության մեխանիզմի միջոցով։

6.            Քաղաքը հարց կբարձրացնի օղու, լիկյորների, բրենդիների վրա դրվող ակցիզներըն ավելացնելու, գինու ակցիզը իջեցնելու նկատառումով։

7.            Կխստացվի տնտեսական պայքարը մենաշնորհների դեմ։ Երևանը կհիմնի իր՝ մենաշնորհների դեմ պայքարի քաղաքային ծառայությունը։ Ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում պետական բյուջե կգանձվի համապատասխան շրջանառության 50 տոկոսը։

8.            Քաղաքի տարածքում կվերացվեն բոլոր տեսակի ոչ պետական վիճակախաղերը, խաղարկությունները, լոտոները, զառերը և այլն։ Սրանք բոլոր պետք է լինեն պետության մենաշնորհը։ Ընդհանրապես բոլոր նմանատիպ ձեռնարկները պետք է լինեն պետական (օրինակ, ,,Վեյքքաուս,, ընկերությունը Ֆինլանդիայում, Ազգային վիճակախաղը Մեծ Բրիտանիայում, նույնը Իտալիայում և ԱՄՆ-ում) կամ էլ կառավարվեն պատերնալիստական սկսզբունքով։ Դրանք պետք է իրականացվեն պետական կամ էլ քվազիպետական մարմինների կողմից։

9.            Կստեղծվի Երևան քաղաքի միասնական հարկային ծառայություն, որն անմիջականորեն կենթարկվի Երևանի գանձապետին։ Կստեղծվի նոր հարկային ծառայություն։ Սրանց աշխատավարձը պետք է կապված լինի տոկոսով հավաքած հարկերից ու տուրքերից։ Հին կառույցները պետք է աշխատեն, մինչև սրանք 2 տարում կստանձնեն բոլոր ֆունկցիաները։

10.          Լուրջ աշխատանք կտարվի արտադրական կորուստների (հատկապես՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էներգետիկա) իրական հաշվառման, դրանց նորմավորման ուղղությամբ։ Քաղաքն իրավունք կստանա այստեղ ստանդարտներ, կանոնակարգեր ու նորմատիվներ սահմանելու։

11.          Սեփականաշնորհված խոշոր արտադրական համալիրների սեփականատերերը կվճարեն լրացուցիչ դրույքներով ունեցվածքի հարկ ավելի քան երկու տարի չօգտագործվող գույքային համալիրի 1 քառ մետրի հաշվարկով, շեշտակիորեն կբարձրացվեն մուծումները քաղաքային բյուջե երկար ժամանակով դադարեցված անավարտ խոշոր շենքերի ու կառույցների դիմաց։

 

Բյուջետային քաղաքականություն

 

1.            Վերը նշված ծրագրային միջոցառումների արդյունքում 2017թ. Երևան քաղաքի բյուջեն կկազմի 340 մլրդ դրամ դրամ կամ 0,8 մլրդ դոլար։

2.            2013-2017թթ. քաղաքային եկամուտների հավաքագրման աստիճանը յուրաքանչյուր տարի կբարելավվի միջին հաշվով 1,5-1,7%-ով (գործող իշխանությունը ՀՀ համար նախատեսել է 0,3-0,4 տոկոս)։

3.            Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը կուժեղացվի և կտեղայնացվի Երևան քաղաքի համար։ Երևանը կլինի ՀՀ առաջին հայմայնքը, ուր 2017թ աղքատության տոկոսը (ներկայումս 35) կիջնի 3 անգամ, իսկ մինչև 2019թ իսպառ կվերանա։

4.           

5.            Սկսած 2014թ. քաղաքային ծախսերի մեծ մասը կիրականացվի ծրագրային բյուջետավորման տեսքով, նախահաշվային ֆինանսավորումը կհասցվի նվազագույնի։

6.            Կարգելվեն բոլոր տեսակի հիմնադրամները բյուջետային կազմակերպությունների համար։ Դրանք կփակվեն, իսկ դրանք նախաձեռնողների նկատմամբ կիրականացվի օրենքով նախատեսված գործողություններ։

7.            Բոլոր բյուջետային կազմակերպությունները քաղաքի տարածքում գտնվող և իրենց կողմից օգտագործվող շենքերի ու շինությունների համար կվճարեն վարձակալության վճար՝ շուկայական գներով։

8.            Քաղաքային իշխանություններին կվերադարձվեն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական կարգավորման գործառույթները։

9.            Բյուջետային կազմակերպությունների գույքի ամորտիզացիան կհաշվարկվի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար նախատեսված կարգով։

10.          Երևանը կհիմնի քաղաքային բանկ՝ արժեթղթերի բաց ու մասսայական բաժանորդագրության տեսքով, ինչի միջոցները հիմնականում կուղղվեն քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանն ու երիտասարդ ու չունևոր ընտանիքների համար սոցիալական բնակարանների շինարարության վարկավորմանը։

 

Գործարարության խրախուսում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, շինարարություն

 

1.            Գործարարության զարգացման հիմնական պայմաններն են. հավասարություն, մրցակցություն, պետական կառավարման մարմինների չեզոքություն և մրցակցային դինամիկա կազմակերպությունների ներսում։

2.            Կիրականացվեն հստակ, կոնկրետ քայլեր որպեսզի. Ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից և Բ) քաղաքային իշխանության ղեկին հայտնված յուրաքանչյուր գործիչ ունենա չեզոք կառավարիչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։

3.            2013-2017թթ. Երևանում կհիմնվի առնվազը 4 տեխնոպարկ, բոլոր համայնքներոմ կբացվեն գործարարության աջակցության կենտրոններ։

4.            Քաղաքը կմասնակցի համաքաղաքային նշանակության բիզնես նախագծերին՝ գնելով դրանց բաժնետոմսերի մի մասը՝ հետագայում պարտադիր կարգով դրանք մասնավոր ձեռներեցներին վաճառելու պայմանով։

5.            Քաղաքը թույլ չի տա ոչ բնական մենաշնորհ հանդիսացող շուկաներում գերիշխող դիրքի առաջացում, մասնավորապես ներմուծվող ապրանքների շուկաներում, իսկ հայտնաբերման դեպքում կկիրառի համապատասխան մեխանիզմներ՝ ընդհուպ գեիշխող դիրք ունեցող ընկերության տրոհումը։ ՀՀ ԱԺ կառաջարկվի ընդունել համապատասխան օրենք։

6.            Հակամենաշնորհային օրենսդրության մեջ կմտցվի ,,փոխկապակցված անձի,, հասկացությունը, որպեսզի թույլ չտրվի տարբեր անձանց անուններով գրանցված, բայց իրականում միևնույն անձի հետ փոխկապակցված բիզնեսների գործունեության ծավալում։

7.            Հակամենաշնորհային օրենսդրության մեջ կառաջարկվի մտցնել ,,խելամիտ շահույթը,, , որը գերազանցող շահույթը կհարկվի պրոգրեսիվ շահութահարկի դրույքով։

8.            Ուղղակի օտարերկրյա ներդրումները Երևանում կկազմեն ՀՌԱ 15-20%-ը։

9.            Շինարարությունն աստիճանաբար կտեղափոխվի քաղաքի ծայրամասերը, կտարականապես կդադարեցվի կենտրոնի պատմական թաղամասերի վերացման և այպես կոչված ,,ժամանակակից էլիտար,, շենքեր կառուցելում արատավոր պրակտիկան։

10.          2000-2008թթ. իրացման գոտում հայտնված և ,,տուժած,, քաղաքացիները կստանան արդարացի փոխհատուցում, քաղաքապետարանը քրեական գործ հարուցելու պահանջով կդիմի իրավապահ մարմիններին՝ մեղ՚ավորներին հայտնելու և պատժելու համար։

11.          Կդադարեցվի քաղաքի կենտրոնի այլանդակումը, օպերային, Հաղթանակի զբոսայգուն և այլն կտրվի նախկին տեսքը, կբացառվի այգիներում և պուրակներում կապիտալ շինություններ կառուցելու թույլտվություն տալու գործընթացը, հսկայական տուգանքներ կսահմանվեն ծառ ու թուփ կտրելու համար։ 2013-2017թթ Երևանում կհիմնվեն 3 այգիներ։

12.          2013-2017թթ. Երևանը կդառնա եվրոպական մայրաքաղաք. մաքուր և ասֆալտապատ փողոցներով, բարեկարգված բակերով, կանաչապատ տարածքներով։

13.          Քաղաքը շրջապատող գյուղատնտեսական նշականության հողերը երկարաժամկետ վարձակայության կտրվեն տեղաբնակներին՝ գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու նպատակով։

 

Քաղաքացիների իրական եկամուտները, զբաղվածություն, ծնելիություն և սոցիալական ոլորտ

 

1.            1998-2012թթ., չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու բան. 1) միջին կենսաթոշակը 2012թ. կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 26 տոկոսը (1996թ.՝ 33 տոկոս) և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Գործազրկության նպաստը կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 14%։ Ինչպես տեսնում ենք 1998-2012թթ վիճակը հատկապես է վատացել։ Նման թվերով դժվար թե Հայաստանը դուրս գա տնտեսական ճգնաժամից առանց մարդկային կորուստների։

2.            2013-2017թթ. միջին աշխատավարձի տարեկան հավելաճը դրամով կկազմի 16-17, իսկ դոլարով՝ 11-12 տոկոս։ Կենսաթոշակները կաճեն ավելի արագ՝ տարեկան 45-50 տոկոսով (դոլարային արտահայտությամբ 25-30%)։ 2017թ. միջին կենսաթոշակի կկազմի միջին աշխատավարձի 40 տոկոսը։ 2017թ. միջին աշխատավարձը քաղաքում կկազմի 292 հազ. դրամ (570 ԱՄՆ դոլար), իսկ միջին կենսաթոշակը 95 հազ. դրամ (220 ԱՄՆ դոլար)։

3.            Սկսած 2014թ Երևանի կենսաթոշակառուները քաղաքային բյուջեից լրավճարներ կստանան։ Ինչը թույլ կտա արդեն 2014-ին միջին աշխատանքային կենսաթոշակը քաղաքում հասցնել 45 հազ. դրամի։

4.            2014թ ուսուցիչների միջին աշխատավարձը կնախատեսվի Երևանի քաղաքապետի աշխատավարձի առնվազն 65%-ի չափով։ Անհրաժեշտության դեպքում քաղաքային բյուջեից կկատարվեն լրավճարումներ։

5.            2007թ. սկզբներին Հայաստանի տնտեսությունն այսպես է բաշխված. 51%-ը գտնվում է 42 ընտանիքի ձեռքին, 26%-ը՝ 250 հազ. Գյուղացիական, 40 հազար փոքր և 100 հազար անհատ ձեռներեցների ձեռքին, 20%-ը Ռուսաստանի և 3%-ը օտարերկրացիների (Ռուսաստանից բացի) ձեռքին։ Հետևապես, հարստության ցրումը, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը, հանրապետության բոլոր քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություն ապահովելը երկրի անվտանգության աճի հիմնական գրավականն են։ Այստեղ է որ Երևանը կստանձնի բարեփոխումների առաջատարի դերը։

6.            Պետությունը միջոցներ կձեռնարկի հարստության գերկենտրոնացումը մեղմացնելու, ուղղությամբ։

Հարստության նման կենտրոնացումը պարզապես անհնարին է դարձնում Հայաստանի հետագա գոյությունը։ Ավելորդ է դառնում խոսել ընտրական համակարգի գոյության մասին. Իշխանությունները հասկանում են, որ նախընտրական կաշառքները ,,գործուն,, մեխանիզմ են դառնում միայն բնակչության ծայրահեղ աղքատության և սոցիալական բևեռացման պայմաններում։

7.            2013թ. սկսած երեխաների ծնունդի միանվագ նպաստը կսահմանվի 0,5 մլն դրամ։ Երրորդ երեխայից սկսած մայրերին կվճարվի 1 մլն, իսկ 5-րդից սկսած 1,5 մլն. դրամ։

8.            Քաղաքային իշխանությունները կանցնեն առողջապահության պետական հաստատված ծրագրի շրջանակներում հավաստագրային (սետիֆիկատներ) ֆինանսավորման։ Կֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնա՚րկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունեցող քաղաքացիները։ Քաղաքային հավաստագիրը իբրև արժեթուղթ ազատ ձևով կշրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցիալական ապահովագրության ոլորտում, առողջապահական հիմնարկություններում, ենթակա կլինի քաղաքապետարանի կողմից մարման առաջին իսկ պահանջի դեպքում։ Այսպիսով, հիվանդը հնարավորություն կունենա ընտրություն կատարելու հիվանդանոցների, կլինիկաների, առողջապահական այլ հիմնարկ-ձեռնարկությունների միջև։ Աստիճանաբար այդ հավաստագրերի շրջանառությունը կկազմակերպվի պարտադիր ապահովագրության պոլիսների ձևով։

9.            Քաղաքային առողջապահական ծրագիրը բաղկացած կլինի հետևյալ բաժիններից. 100 տոկոսանոց պետական ֆինանսավորում – անկախ քաղաքացու սոցիալական վիճակից (ինֆեկցիոն հիվանդություններ, ծննդաբերություն, մանկական հիվանդություններ և այլն), 100 տոկոսանոց պետական ֆինանսավորում նկատի ունենալով քաղաքացու սոցիալական վիճակը (բացառապես պաշտոնապես հայտարարագրված եկամուտների հիման վրա), փոխադարձ ֆինանսավորում (մի կողմից քաղաքացին, մյուսից՝ պետությունը կամ գործատուն)։

10.          Կիրականացվի կրթության (տարրական, միջին և բարձր դասարաններ) պետական հաստատված ծրագրի շրջանակներում հավաստագրային (սետիֆիկատներ) ֆինանսավորում։ Կֆինանսավորվեն ոչ թե դպրոցներն ու կրթօջախները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։

11.          Չորս տարվա ընթացքում կիրականացվի ‘’Համակարգիչն ու ինտերնետը յուրաքանչյուր տանը, ուր կա գեթ մեկ սովորող երեխա կամ երիտասարդ’’ քաղաքային ծրագիրը։ Կստեղծվի համապետական ինտերնետային գրադարան, գիտելիքների շտեմարան մոբիլ կրիչների հիման վրա։

12.          Կստեղծվի պետական հիպոթեքային հիմնադրամ, որը առևտրային բանկերի կողմից տրամադրած վարկերի և այդ վարկի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի ,,ձեռք բերման,, ճանապարհով՝ կթողարկի երկարաժամկետ հիպոթեքային պարտատոմսեր։ Այսպիսով, հիպոթեքային երկրորդային շուկայի զարգացման արդյունքում կարճ ժամանակում կիջնեն վարկերի տոկոսադրույքները և կերկարաձգվեն վարկավորման ժամկետները։

13.          2013թ. պետությունը կսկսի իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության խոշոր ծրագրեր։ Արդեն 2014թ կկառուցվի 5, 2015՝ 25, իսկ 2016սկսած տարեկան առնվազն 50000 քառ. մետր «սոցիալական բնակարանե, ինչը առանց վարձի «բենեֆիցիարիե (շահառուի) սկզբունքով կտրամադրվի առանց բացառության բոլոր երիտասարդ ընտանիքներին, բնակարան չունեցող կամ շատ ցածր բնակարանային ապահովվածությամբ ընտանիքներին։ Օրենքով կսահմանվեն նման բնականարանների տրամադրման պայմանները, չափսերը, ժամկետները և պետության ետ վերդարձնելու սկզբունքները։

 

Գիտություն, մշակույթ, սպորտ, քաղաքային առօրյա

 

1.            Պետական միջոցներից գիտական գործունեության աջակցութունը բացառապես պետք է տրամադրվի մրցունակ գիտական արդյունքին և այդ արդյունքը իրականություն դարձնելու համար պահանջվող պայմաններին։ Սա է, գիտական գործունեության աջակցության ամենարդյունավետ բանաձևը ամբողջ աշխարհում։ Քաղաքային բյուջեի 2 տոկոսը առաջիկա տարիներին կայուն կերպով կհատկացվի բուհերում , ինստիտուտներում, գիտական հետազոտություններ իրականացնող այլ կազմակերպություններում գիտական թեմաների ֆինանսավորմանը։ Այդ ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների միջին աշխատավարձը արդեն 2014թ. կկազմի 250000 դրամ։

2.            Քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկը կվերացվի ուսանողական թաղամասի իրեն բնորոշ ենթակառուցվածքներով։

3.            Քաղաքապետարանը կկազմակերպի ժողովրդական հրապարակային թատրոններ, տարածքներ կտրամադրի բացօթյա երաժշտություն, փոքրիկ ներկայացումներ, մշակույթային և սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար։

4.            Կկիրառվեն աղբ հավաքելու և վերամշակելու նորագույն տեխնոլոգիաներ, կսահմանվեն խստագույն տուգանքներ քաղաքը աղտոտելու, բակերում և հանրային վայրերում ապօրինի ավտոտնակներ կառուցելու, ապօրինի շինարարաություն իրականացնելու համար։

5.            Յուրաքանչյուր շաբաթ քաղաքի հայմանքներում կկազմակերպվեն տոնավաճառներ։

6.            Հեռախոսի, ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշիվները համապատասխան ընկերությունները երևանցիներին կներկայացնեն ծրարներով՝ նշելով բոլոր մանրամասնությունները։ Մասնավորապես, հեռախոսային ծառայություններ մատուցող ընկերությունները նշված ծրարներում տեղեկատվություն կտրամադրեն բաժանորդի բոլոր զանգերի վերաբերյալ։ Գազի, էլեկտրաէներգիայի և ջրի հաշվիչների վրա կդրվեն 2 փականներ (կամ կնիքներ), որոնցից մեկի բանալին (կնիքը) կլինի բաժանորդի, մյուսինը՝ համապատասխան ընկերության աշխատակցի մոտ։ Դրանով իսկ բաժանորդն ու ծառայություն մատուցողը կհայտնվեն հավասար պայմաններում։

7.            2013-2017թթ քաղաքաում կկառուցվեն մետրոյի 3 կայարաններ՝ մեկը դեպի աջափնյակ, մյուս երկուսը Կոմիտաս և Զեյթուն։ Կգործարկվի վերգետնյա տրամվայի գիծ՝ քաղաքի հյուսիսից հարավ։

8.            Չարբախում կկառուցվի առաջին քաղաքային արևային էլեկտրակայանը՝ 50 մեգավատ հզորությամբ։

9.            Կսկսվի Երևանի շուրջը օղակաձև ավտոմայրուղու շինարարությունը, կսահմանափակվի բեռնատար տրանսպորտի մուտքը քաղաք։

10.          Քաղաքային տրանսպորտում մեծ դեր կհատկացվի հիբրիդային (բենզինով և էլեկտրասնուցմամբ աշխատող) ավտոբուսներին ու միկրոավտոբուսներին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել