ՎՈւԱՄ-ի շրջանակներում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն։
Նա նշել է, որ մինչև տարվա վերջ սպասվում է որոշակի առաջընթաց այդ հարցում։
Անդրադառնալով ՎՈւԱՄ շրջանակներում չկարգավորված հակամարտություններին` նա նշել է, որ այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության շրջանակներում։
ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) երկրները պատրաստվում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այդ մասին իր հերթին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Գրոյսմանը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտին կսկսի գործել արդեն 2017թ.-ին։
Ուկրաինան մեծ հեռանկարներ ունի զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Կիստիոնը։
Նա նշել է, որ իրենք ցանկանում են դիվերսիֆիկացնել հեղուկ գազի մատակարարումներն ու բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Ըստ նրա` իրենք գազ ու նավթ են ցանկանում տեղափոխել Ադրբեջանից ու դրա համար համապատասպան տերմինալներ են կառուցում։ Նա հավելել է, որ SOCAR-ը հանդիսանում է նրանց վստահելի գործընկերը։
Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումն ունի իրական հեռանկարներ՝ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերություններն, այդ թվում՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:
ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն՝ այդ կազմակերպության գլխավոր նպատակն անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ն այս պահին փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը՝ ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:
Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո Ուկրաինան կկարողանա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ իրանական շուկա՝ այնտեղից նավթամթերքներ ներկրելու և դրա փոխարեն ուկրաինական հացահատիկը, ծանր արդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքը Իրան արտահանելու համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի օգուտներին, ապա Բաքուն դուրս կգա ուկրաինական բազմամիլիոնանոց շուկա, կդառնա տարանցիկ երկիր Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ Ուկրաինայի տարածքով մուտք կունենա նաև Մերձբալթիկա ու Լեհաստան, այսինքն՝ ԵՄ շուկա:
ՎՈՒԱՄ-ի անդամ-պետությունները երկկողմ մակարդակով նույնպես բավականին ակտիվ առևտրա-տնտեսական հարաբերություններ են հաստատել, իսկ Արևմուտք-Ռուսաստան նոր «Սառը պատերազմը» ՎՈՒԱՄ-ի առանցքը դարձնելու է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը զսպող երկրներին միավորող կոալիցիա: