Եվրախորհրդից դուրս գալն էականորեն չի ազդի Ադրբեջանի վրա. այս մտքին է հանգել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ, անդամակցելով այդ կառույցին, իրենք միանգամայն այլ ակնկալիքներ ունեին այդ կառույցից։ Նրանք կարծում էին, որ Եվրոպական խորհուրդը Ադրբեջանին կօգնի ԼՂՀ հարցում, սակայն քանի որ նույն օրը և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն անդամակցել են Եվրոպայի խորհրդին, տարիների ընթացքում պարզ է դարձել, որ ոչ մի օգուտ էլ չկա։ Ավելին՝ Եվրախորհուրդը, ըստ Ալիևի, ավելի շատ աշխատել է հօգուտ Հայաստանի ու ընդդեմ Ադրբեջանի։ Եվ սա ասում է մի մարդ, ով այն օրվանից, ինչ անդամակցում է Եվրախորհրդին, գումարներ չի խնայում Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին կաշառելու համար՝ ընդհուպ մինչև խորհրդի նախագահ Պեդրո Ագրամունտ։ Ի դեպ՝ առիթից օգտվելով՝ նշենք, որ վերջինս անձնական պատճառները վկայակոչելով այսօր Թվիթերում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ինքը հրաժարական է տալիս։ Սակայն հայտնի է, որ նրա անունը բազմիցս շոշափվել է կոռուպցիոն տարբեր սկանդալների կիզակետում, թեպետ իրեն իմպիչմենտ հայտարարելու գլխավոր թեման դա չէր, այլ առանց Եվրոպայի խորհրդի քարտուղարության հետ համաձայնեցնելու Մոսկվայի պատվիրակության հետ Սիրիա այցելելն ու Բաշար Ալ Ասադին հանդիպելն էր։ Բայց պարզ է, որ Եվրախորհրդում էլ տեղյակ էին այս մարդու պահվածքի մասին, ու դա լրացուցիչ խթան հանդիսացավ նրա հրաժարականի համար։ Երևի սա էլ իր հերթին առիթ հանդիսացավ, որ Ալիևն ակնարկի, որ Եվրախորհրդից իր երկիրը կարող է դուրս գալ։ Փաստացի, նա զրկվել է իր ամենագլխավոր հենարաններից մեկից՝ Ագրամունտից, և այժմ անիմաստ կհամարի այդ կառույցում մնալը։ Ամեն ինչ տրամաբանական է, իսկ Հայաստանն, իհարկե, պետք է շատ ակտիվ աշխատի այդ կառույցում հայկական շահն առաջ տանելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: