Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ Հայաստանի հավաքականին ծանր հանդիպում էր սպասվում: Դա պայմանավորված էր առաջատար խաղացողների՝ տարբեր պատճառներով բացակայությամբ: Գլխավորապես մտահոգում էր, իհարկե, պաշտպանությունում առաջացած բացը: Խաղը ցույց տվեց, որ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին չի հաջողվել այն լրացնելու լավագույն տարբերակ գտնել: Դա դարձավ պարտության գլխավոր, բայց ոչ հիմնական պատճառը, որովհետեւ այս մրցաշրջանում մեր թիմն առանց պաշտպանությունում կադրային խնդիրների էլ կանոնավոր պարտություններ է կրել պաշտոնական խաղերում, ընդ որում՝ բացառապես խոշոր հաշվով: Հիշեցնենք, որ տարվա ընթացքում անցկացրած ընտրական 4 խաղերից երկուսում մերոնք պարտվել են 1:4 հաշվով, իսկ այժմ էլ, ահա, 1:6:
Վերափոխելով մութ սենյակի եւ սեւ կատվի մասին հայտնի ասացվածքը՝ պետք է նշենք, որ դժվար է վերլուծել մերոնց խաղը, մանավանդ եթե դա շատ լուրջ վերապահումով կարելի է խաղ անվանել: Ավելի քան 90 րոպեների ընթացքում խաղադաշտում գերիշխում էր մեկ թիմ՝ Լեհաստանի հավաքականը: Իսկ ահա թե ինչ նպատակով եւ խնդրով էր հանդիպմանը ներկայացել Հայաստանի ընտրանին, այդպես էլ հանելուկ մնաց: Մերոնց դեպքում չէր ստացվում բացառապես ոչինչ: Իր լավագույն ժամանակների մասին Հայաստանի հավաքականը հիշեցրեց միայն առաջին խաղակեսի վերջին 10 րոպեներին ու երկրորդի սկզբում: Հենց այդ ժամանակ էլ Հովհաննես Համբարձումյանը Հենրիկ Մխիթարյանի փոխանցումից գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Դա տեղի ունեցավ 38-րդ րոպեին: Մնացած ընթացքում պարզապես ցավալի էր տեսնել, թե մրցակիցն ինչ է անում մեր տղաների հետ, ընդ որում՝ առանց լարվելու եւ գերունակություններ դրսեւորելու: Պարզապես լեհերը ֆուտբոլ էին խաղում, իսկ հայերը միայն իրենք գիտեն, թե ինչ:
Հարձակման գծում անատամ խաղը, կիսապաշտպանության անզորությունը եւ պաշտպանների կոպիտ սխալներն ինքնաբերաբար մեծացրին նաեւ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի լարվածությունը, որն իր ուրույն ներդրումն ունեցավ սխալների շքերթում: Ի դեպ՝ մոտիվացիան, որի առկայության մասին հայտարարել էր Արթուր Պետրոսյանը, նկատվեց միայն լեհերի մոտ: Ինչ վերաբերում է մեր թիմի առաջատար Հենրիկ Մխիթարյանին, ապա նա վերստին ստեղծագործականի հաշվին ստիպված էր կենտրոնանալ բացառապես սեւագործ աշխատանքին: Դժվար է ասել, թե 1:6 հաշվի պարագայում որքանով էր արդյունավետ նրա աջակցությունը թիկունքին, ուստի մնում է ենթադրել, որ առանց դրա խաղը մերոնց համար ավելի տխուր ավարտ կունենար: Իսկ դրա նախադրյալները կային. արդեն 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականը պարտվում էր 0:3 հաշվով: Գոլերի հեղինակ էին դարձել Կամիլ Գրոսիցկին (2-րդ րոպեին) եւ Ռոբերտ Լեւանդովսկին (18, 25): Իր երկրորդ գոլը լեհ ռմբարկուն խփեց Մելիքսեթյանի տարրական սխալի հետեւանքով: Պայքարի բովում հայ դարպասապահը գնդակը ձեռքով վերցրեց սեփական պաշտպանի հետ փոխանցումից հետո: Մրցավարն անմիջապես ազատ հարված նշանակեց, եւ Լեւանդովսկին եռապատկեց հաշիվը: Առաջ անցնելով նշենք, որ Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը մեր թիմի դարպասը գրավեց նաեւ 64-րդ րոպեին եւ ձեւակերպելով հեթ-տրիկ՝ պատմական ռեկորդ սահմանեց: Նա այս ընտրական փուլի 9 հանդիպումներում խփեց իր 15-րդ գոլը: Նախկին ռեկորդը պատկանում էր Քրիշտիանու Ռոնալդուին եւ 70-ականների գերմանացի անզուգական ռմբարկու Հերդ Մյուլլերին, որոնք մեկ ընտրարշավում դարձել էին 14 գոլի հեղինակ: Իսկ Հայաստանի հավաքականի ջախջախումն ավարտեցին Յակուբ Բլաշչիկովսկին (58) եւ Ռաֆալ Վոլսկին (89):
Հազվադեպ է պատահում, որ համընկնեն գլխավոր մարզչի եւ մարզասերների կարծիքները: Երեկ ականատես եղանք նաեւ դրան: Խաղին հաջորդած ասուլիսում Արթուր Պետրոսյանը խայտառակություն որակեց իր սաների խաղը: «Չեմ կարծում, թե սխալ կազմ էի ընտրել: Սա ուղղակի խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ, եթե պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան այդպիսի պարզունակ սխալներ թույլ տայինք: Ի՞նչ դաս կարելի է քաղել այսքանից հետո: 1:6 հաշվով պարտությունից հետո ինչի՞ մասին է խոսքը: Հիմա դժվար է ասել, թե որն է ելքն այս իրավիճակից: Հավանաբար, պետք է ուժեղ առաջնություն ունենալ: Առանձին ֆուտբոլիստների գործողությունները չեմ մեկնաբանել, այսօր էլ չեմ անի դա: Կարծում եմ՝ սա ամենաօպտիմալ տարբերակն էր պաշտպանությունում: Բոլոր ֆուտբոլիստները պետք է աշխատեն իրենց վրա: Սա իմ մարզչական կարիերայի ամենացավալի պարտությունն էր: Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք նաեւ Ղազախստանում»,- հայտարարեց Պետրոսյանը:
Հայաստանի հավաքականը այս ընտրափուլի 9 խաղում բաց է թողել 25 գոլ, ինչը, թերեւս, վատագույն ցուցանիշն է մեր ազգային թիմի պատմության մեջ: Հոկտեմբերի 8-ին հյուրընկալվելու ենք Ղազախստանին: Մնում է հուսալ, որ տխուր վիճակագրությունը նոր նշաձողի չի հասնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել