Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, մարզպետը նախ անդրադարձել է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի և հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը մարզպետին հանձնարարել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին հնարավորինս իրազեկել մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին: Այս պահին խնդրով հետաքրքրվող շուրջ 45 ֆերմերների համար կազմակերպված է դասընթաց, որը կհեշտացնի հետագայում նրանց կողմից ներկայացված ծրագրերի մասնակցությունը: Արդեն իսկ լիզինգով առանձին ֆերմերների կողմից մարզ է ներկրվել 6 տրակտոր և գյուղգործիքների 2 համակազմ:
Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 84.5 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 344 միլիոն դրամով:
Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 171 աղբավայրերից 125-ը մաքրվել և փակվել է: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:
Առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 186,4 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 1.6 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:
Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես մարզում 49.6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ներդրումներ են կատարվել՝ ավարտված և շարունակվող ծրագրերի տեսքով: Ավարտված ծրագրերով ստեղծվել է շուրջ 400 աշխատատեղ, իսկ շարունակվող ծրագրերով կստեղծվի ևս 1000-1200 աշխատատեղ: Գյուղատնտեսական աշխատանքների շրջանում մարզում ստեղծվում են 3000-3500 սեզոնային աշխատատեղեր:
Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաև կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր՝ հատկապես անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացմանը:
Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացնել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:
Մարզպետը նաև ներկայացրել է կրթության ոլորտում արձանագրված արդյունքները՝ մասնավորապես նշելով, որ 2017-2018 ուսումնական տարում մարզում աշակերտների թիվը կազմել է 34915, նախորդ ուսումնական տարվա 34049-ի փոխարեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել