Իշխանության տիպաբանությունը բնութագրելու համար երբեմն որոշ ժամանակ է պահանջվում, որովհետև հնարավոր չէ ընթացքում բնորոշում տալ։ Սակայն, ինչպես ասում էր երգիծական հումորի վարպետ Վարդան Պետրոսյանը, յուրաքանչյուր իշխող դասակարգ իր հետ բերում է իր փիլիսոփայությունը։ Դատելով այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, երկրում բարոյահոգեբանական մթնոլորոտից ու, առհասարակ, Հայաստանի շուրջ ձևավորված աուրայից՝ դժվար է լուսավոր բան գտնել մեր իրականության մեջ։ Եվ ի՞նչ գտնել, եթե Հայաստանում, ամենավերին օղակներից սկսած, տարիներով քարոզվում է «դե, մեզ սա էլ է շատ, գոհ եղեք, որ սա էլ ունենք» կարգախոսը։ Հայ-ռուսական զորամիավորման հակափաստարկն օգուտների մասին չէ, այլ այն մասին, որ ի վիճակի չենք մեր անվտանգությունն ինքնուրույն ապահովելու, առանց դրա չենք կարող։ Ֆուտբոլի հավաքականը պարտվում է խայտառակ կերպով, ընդ որում՝ սեփական հարկի տակ, պատճառաբանվում է, թե, գիտեք՝ ինչ կա, հիմա էդ է, բավարարվեք սրանով, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս։ Հասարակությունը կարող է հերսոտել, դժգոհել, ի վերջո, կազմակերպված բողոք արտահայտել, ստանալ դիմադրություն, սակայն դրա արդյունքում և ոչ մի օգուտ չի տալիս, որովհետև գոյություն ունի Հայաստանի իշխանություն, որը համարում է, որ այսօրվա դրությամբ երկրում իրենից լավ ոչ ոք չի կարող հարցեր լուծել։ Հասկանո՞ւմ եք, իշխանությունը ոչ միայն պարտավոր է բարելավել սեփական քաղաքացիների կարիքները, այլև նրանց ապահովել տեսլականով։ Վստահաբար ասում ենք՝ այսօր Հայաստանից գնում են ոչ թե նրա համար, որ սոցիալական, հոգեբանական վիճակն է վատ, որ աղքատ է պետությունը, այլ բացառապես ու գլխավորապես մի բանի պատճառով՝ Հայաստանի քաղաքացիները չունեն տեսլական, նրանք չգիտեն, թե հաջորդ օրն իրենց ինչ է սպասվում, իսկ այդ անորոշությունը մարդկանց դրդում է հուսահատ քայլերի։ Դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ պետության հետ։ Եվ սրա վնասները մենք հետո ենք զգալու, իսկ այդ հետո-ին շատ չի մնացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: