Կարևորելով Երևանի ավագանու ընտրությունները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարել է, որ չնայած մինչ ընտրությունները համախմբվել չհաջողվեց, այդուհանդերձ, դեռ հնարավորություն կա քաղաքական լուրջ գործընթաց առաջ տանելու, բայց առանց դեմագոգիայի, առանց ակնարկների ու ամբիցիաների:
Նրա խոսքերով, կարելի է մեխանիզմներ ստեղծել ընտրությունները վերահսկելու համար:
«Հասկացե՛ք, այս իշխանությունը տոտալիտար է, եթե ձեռքից գա, մի գյուղապետ անգամ թույլ չի տա, որ այլ կուսակցությունից ընտրվի, դրա համար մի գյուղում պարտվելը իրենց համար հսկայական պարտություն է, ու հիմա շատ լավ հնարավորություն կա ջախջախիչ պարտության մատնելու իշխանությանը: Ով երազում է նախագահ դառնալ, դրա ճանապարհը Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելն է: Դե եկեք, տարեք այդ հաղթանակը»,- հայտարարել է նա:
Նա հորդորել է չանձնավորել քարոզարշավը.
«Տարոնն ինձ համար անձ չի, նա համակարգի մի խամաճիկ է, ու ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու, մենք պայքարում ենք համակարգի դեմ, ոչ թե անձերի»:



