Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարում է, որ նորմալ պրակտիկա է Պառլամենտում ղալմաղալ անելը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ավելացնելու ոչինչ չունի՝ բացի նրանից, ինչ գրել է իր ֆեյսբուքյան էջում (գրել էր, որ Գեղամյանը հարձակվել է իր վրա, իսկ ինքը հաջողությամբ պաշտպանվել է և հանրությունից ներողություն է խնդրել նման պայմաններում աշխատելու համար)։ Արտաշես Գեղամյանն իր հերթին բացառում է նման միջադեպը՝ հայտարարելով, որ եթե բախում լիներ, ապա Փաշինյանը կհայտնվեր հիվանդանոցում։ Եվ այս պայմաններում շատ հետաքրքիր է դառնում, թե Հայաստանի օրենսդիր մարմնում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես պիտի հասկանա Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ամեն օր նույն պատգամավորների կողմից լսում է, որ երկրում պետք է օրենքի ուժը գերակայի, հանդուրժողականություն լինի, միմյանց հարգել լինի և այլն։ Հարկատուների հաշվին Ազգային ժողովում հայտնված սույն պարոններին հիշեցնենք, որ ԱԺ-ն իրենց համար բոքսի արենա չէ, հարցեր պարզելու համար ուրիշ միջավայր, տեղ ու ժամանակ պետք է ընտրել։ Եվ ցավալին այն է, որ դա անում են փորձառու պատգամավորները, որոնք ԱԺ-ում տարիների փորձ ունեն։ Էլ ավելի ցավալի է, որ հանրապետականներն ամեն կերպ փորձում են հարցը ջրել՝ նշելով, որ միջադեպն անընդունելի է։ Մեկը չկա՝ ասի՝ այ պարոն Գեղամյան ջան, էդ որ ձեռքերիդ այդպես ազատություն ես տալիս, չես մտածո՞ւմ, որ հարվածի տակ ես դնում մի ամբողջ կուսակցության ռեպուտացիա, որն առանց այն էլ մի լավ օրի չէ։ Իսկ դու, պարոն Փաշինյան, ենթադրենք՝ դեպք է, տեղի է ունեցել, պարտադի՞ր է, որ դրա վերաբերյալ գրառում անես ու ամբողջ աշխարհին տեղյակ պահես տեղի ունեցածի վերաբերյալ։ Մի խոսքով՝ զզվելի է այս ամենը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: