Այսօր լրանում է Վանաձորի քաղաքապետի մեկ տարին, և կարող ենք եզրակցություն անել, թե ինչ պատկեր է ստացել հանրապետության երրորդ քաղաքում քաղաքական կյանքը։ Հասկանալի է, որ աղմկալի իրադարձությունները դեռևս թարմ են, թեպետ, մեծ հաշվով, էական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել քաղաքի կառավարման գործում։ Եվ դա բնական է, քանի որ ավագանիների մեծ մասը՝ ԲՀԿ, ԼՀ, ՀՎ, չեն գնում նիստերին, իսկ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ, փաստորեն, առանց քվորում ապահովելու կարողանում է նիստեր անել ու որոշումներ կայացնել։ Սահմանադրական դատարանը մի քանի օրից հրապարակելու է այդ երեք կուսակցությոնների դիմումը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու ու նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամները, ՍԴ-ն միտված չէ բավարարելու վերոնշյալ դիմումը։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին դեռևս չի հաջողվել համոզել ընդդիմադիր գործընկերներին գալ նիստերին։ Եվ դա բնական է, քանի որ երեք կուսակցությունների համատեղ ստորագրած հուշագրի արդյունքում քաղաքապետ պետք է դառնար Քրիստ Մարուքյանը, սակայն քվեարկության օրը քաղաքապետ դարձավ Մամիկոն Ասլանյանը, ինչը բազմաթիվ քննարկումների առիթ տվեց։ Բոլոր սլաքները մինչ հիմա ուղղվում են դեպի ՀՎ կուսակցությունը, որի ավագանու առաջին համարը տխրահռչակ Արկադի Փելեշյանն էր, ում և կասկածում են ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար։
Իսկ բովանդակային առումով ի՞նչ է փոխվել քաղաքում։ Ըստ էության՝ ոչինչ։ Պարզապես վերջերս կառավարության լրացուցիչ միջոցներով սկսել են փողոցները վերանորոգվել, սակայն դա քաղաքապետարանի բյուջեում նախատեսված ծախսեր չեն։ Առայժմ միակ ոլորտը, որ փոփոխության է ենթարկվել, կրիմինալ ոլորտն է, որը նորից գլուխ է բարձրացրել քաղաքում։ Վանաձորցիները նույնիսկ սկսել են կատակել, թե նախորդ քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք գոնե այդ հարցում ներդաշնակություն կար. կրիմինալը պասիվ էր, որովհետև Դարբինյանը բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել։ Այժմ այս մեկ տարվա մեջ Վանաձորում շատացել են վենդետաները, որոնք, բնականաբար, քաղաքային իշխանությունների աչքից չեն վրիպում, բայց չեն արժանանում համապատասխան ուշադրության։ Ինչևէ։ Վանաձորում այս պահին դեռևս ոչինչ չի փոխվել։ Հուսանք՝ մոտ ապագայում քաղաքային իշխանությունները կկարողանան ի վերջո համաձայնության գալ ընդդիմադիր գործընկերների հետ ու վերջապես զբաղվել ոչ թե իրար պախարակելով ու վատաբանելով, այլ ռեալ գործով, որովհետև Վանաձորն այսօր հանրապետությունում իսկապես ամենադեպրեսիոն ու լճացած քաղաքներից մեկն է, եթե ոչ ամենալճացածը։