Իրականությունն այն է, որ մեր երկիրն իր թույլ ռազմական, հոգեբանական և արտաքին քաղաքական պոտենցիալի պատճառով ինքը չի որոշում և փորձում ձեռք բերել ցանկալին։ Քսաներեք տարի առաջ պատմությունը ևս մեկ անգամ մեզ հնարավորություն տվեց լրջորեն ընդլայնելու մեր սահմանները մինչև Քուռ, սակայն մեր կառավարությանը հրահանգվեց կանգնել․․․ և կանգնեցին։ Տասնամյակներ շարունակ Իսրայելի իրականացրած արտաքին քաղաքականության հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը ձգձգվելու է տարիներ։ Իրավիճակը շարունակ փոխվելու է, նոր կողմեր են հանդես գալու, նոր շահագրգռություններ, և բնականաբար, ինչպես եղել է միշտ, պատմությունը ևս մեկ հնարավորություն կտա մեր երկրի ղեկավարությանը ձեռք բերելու ցանկալին։ Սակայն եթե քսաներեք տարի առաջ մեր ջոկատներն ու երկրի ղեկավարությունը չհանդգնեցին ընդամենը առաջ շարժվել ու հասնել Քուռ, ճանապարհը լրիվ բաց էր, քանզի հարևանի ջոկատները լքել էին դիրքերը և շարժվում էին իրենց երկրի մայրաքաղաք՝ իշխանությունը վերցնելու նպատակով, ինչպես որ հավատացրել էին նրանց, ապա ինչպես կարող է մեր երկրի ղեկավարությունը հանդգնել հանդես գալ ավելի հզոր ու մարտունակ բանակներ ունեցող երկրների դեմ։ Այն հնարավոր պոտենցիալը, որն անհրաժեշտ էր խաղի մեջ մտնելու համար, մեր կառավարությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով լիովին սպառվել է։ Մեր կառավարության արտաքին քաղաքականությունը ենթադրում է մեկ թշնամի և վերջ։ Եթե նույնիսկ մի գերտերություն փորձի մեր երկրին խաղի մեջ ներքաշել, որովհետև դրա անհրաժեշտությունը հաստատ կառաջանա, ապա մեր կառավարությունը «փորձանքից» խուսափելու համար, քանզի նրանց համար գերագույն կայֆը բյուջեն յուրացնելն է, խաղի մեջ կնետի արդեն փորձված մեթոդը՝ ասելով. «Ով մեզ կռվեցնի քրդական կամ թրքական կամ արաբական ջոկատների կամ զորքի դեմ, մեր թշնամին է»։ Ուրեմն՝ ինչ-որ մի լավ կամ նոր բան սպասել հօգուտ մեր երկրի, անիրական է։ Կյանքն այսպես շարունակվելու է ևս մի քսան կամ երեսուն տարի, մինչև մեր երկրի բնակչության թիվը կնվազի մեկ միլիոնից, ինչպես որ սահմանվել է «համաշխարհային հանրության կողմից», և մեր կառավարությունը ոչ թե ինչ-որ բան է անում դրա դեմն առելու համար, այլ հենց ինքն է նպաստում բնակչության «տարհանմանը» այլ երկրներ։ Թե ինչ հեռահար նպատակներ ունի «էլիտան», սա բոլորովին այլ խնդիր է։
Եվ անհեթեթություն է համեմատվել Իսրայելի հետ. նրանք ոչ միայն ունեն միջուկային զենք, մարտունակ ու նորագույն զենքերով սպառազինված բանակ, այլև գործի մեջ են նետում միլիարդավոր դոլարներ՝ ունենալով և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ քաղաքական անհրաժեշտ պոտենցիալը։ Եվ գլխավորը՝ նրանք ունեն ամենատարածված հետախուզական ցանցը, որը պահանջում է միլիարդներ և ինքին արդեն ամենահզոր խաղաքարտն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: