«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ. Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում: Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որևէ այլ հանցագործ պաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաև ատելության, վրեժխնդրության զգացում որևէ անձի հանդեպ:
Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի (այն ժամկետով, որով դատապարտվել էր), որևէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր, արդարության պահանջը կբավարարվե՞ր: Կամ գուցե կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր: Որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ չհիմնավորված դաժանությունը:
Խնդիրն, ինձ թվում է, այն չէ, որ թոշակառուներից փողերը գողացած չինովնիկին սկզբում պատժել են, հետո ազատ են արձակել, այլ այն, որ մնացած՝ նույնքան կամ ավելի մեծ հանցագործություններ կատարած չինովնիկներն ազատության մեջ են մնում: Արդարադատությունը հանցագործությունը պատժելու մեջ է, ոչ թե որևէ մարդու նկատմամբ ագրեսիայի մեջ:
Ուրիշ հարց, որ կան, իմ կարծիքով, մարդիկ, որոնք ավելի արժանի են ներման: Խոսքս Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, ինչպես նաև Հայկ Կյուրեղյանի մասին է: Նրանք, իմ կարծիքով, դատապարտվել են իրենց արարքներին ոչ համաչափ ժամկետներով և վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին: Կարող են հետագայում ազատվել նաև Ժիրայր Սեֆիլյանը, ՊՊԾ գնդի վրա հարձակվողներից ոմանք: Իհարկե, ոչ նրանք, ովքեր մարդ են սպանել: Սակայն դրա համար պետք է լինի դատավարություն և դատավճիռ և ոչ թե այն կլոունադան, որին մենք ականատես ենք՝ ժողովրդական երգուպարով և ասմունքով:
Ներելը ճիշտ բան է՝ իհարկե, եթե խոսքը սպանությունների և անձի հանդեպ այլ ծանրագույն հանցագործությունների մասին չէ: Ներելը տեսականորեն պետք է մարդու միջից հանի չարության, դժգոհության, նախանձի թույնը: Բայց երբեմն պատահում է, որ ներելը հասարակության մեջ ավելացնում է այդ թույնը:
Մի փոքրիկ խորհուրդ էլ ուզում եմ Խաչիկյանին տալ՝ պարզապես որպես տարիքով մեծ. պետք չէ հիմա խոսել, աջուձախ հարցազրույցներ տալ: Խոսելու իրավունքը դեռ պետք է վաստակել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել