«Խաչիկյանն իմ ընկերն է, հարցեր կա՞ն»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք սոցապ նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հետագայում պաշտոն ստանա։ Իհարկե լավ է, որ Շարմազանովը չի ուրանում իր հին ընկերոջը, որի հետ մտերիմ հարաբերություններ ուներ մինչ վերջինիս դատվելը, սակայն մեկ բան է մարդկային հարաբերությունը, մեկ այլ բան՝ քաղաքական։ Հարցեր չկան, պարոն Շարմազանով, իհարկե, չկան, դե, որ դուք եք ասում․․․ Սակայն հաշվի առեք, որ Խաչիկյանի պես հազարավոր մարդիկ կան բերդերում, ովքեր ամեն օր ներման դիմում են գրում նախագահին, ովքեր շատ ավելի քիչ վնաս են տվել պետությանը (շատերը նույնիսկ չեն էլ տվել) ու հանիրավի նստած են, սակայն, չգիտես ինչու, նրանց դիմումները բանի տեղ դնող չկա։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է այսպիսի սելեկտիվ մոտեցում ցուցաբերվում բանտարկյալների հանդեպ, ու եթե չկա նման բան, ապա կարո՞ղ ենք հուսալ, որ հաջորդիվ այդպիսի մի շարք քաղաքացիներ ազատ կարձակվեն։ Վազգեն Խաչիկյանը զղջացել է իր արարքի համար, ընթացքում կորցրել է ծնողին, ցավակցություն ենք հայտնում, իսկապես հույս ունենք, որ նա իր վարվելակերպով կփոխի իր մասին պատկերացումները, սակայն թող նաև ՀՀԿ-ում հիշեն, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում զանազան վենդետաների ու խռովությունների տեսքով, տեղի է ունենում հենց այս ամենի հետևանքով, ահա այսպիսի անարդարությունների հետևանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: