Իսլամական պետության խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեկվա ուղերձը հաջորդեց ԻՊ-ի զինյալների հաջող ռազմական գործողություններին Սիրիայում:
ԻՊ-ի լրատվական ռեսուրսներն արդեն հայտնել են, որ Սիրիայի Դեր Զոր և ալ-Ռակկա շրջաններում ԻՊ-ի նախաձեռնած երեկվա հակահարձակման արդյունքում իսլամականները գրավել են մի քանի բնակավայրեր՝ Մարաթ, Մազլում (որտեղ ռուսները գեներալ կորցրին), Շուլա և Դեր Զորից արևմուտք ընկած մի քանի այլ բնակավայրեր՝ վերահսկելով մի քանի կարևորագույն ճանապարհներ:
Իսլամականները հարձակվել են նաև քրդական ուժերի վրա: Երեկվա հակահարձակման արդյունքում ԻՊ-ի վերահսկողության տակ է անցել մի քանի բնակավայր, որոնք նախօրեին գրավել էին քրդերը:
ԻՊ-ի լրատվական ռեսուրսները խոսում են այս ռազմական գործողությունների հետևանքով հարյուրավոր սպանվածների մասին, որոնց թվում, բացի սիրիացիներից և քրդերից, կան նաև ռուսներ:
ԻՊ-ը խոսում է նաև այն մասին, որ գերեվարվել են 2 ռուս զինվորական:
Սա, կարծում եմ, հերթական խայտառակ դրվագներից է, քանի որ Դեր Զոր հասած սիրիական բանակը, Հիզբալլահն ու ռուսական ստորաբաժանումները չկարողացան ևս մեկ անգամ պաշտպանել եղած ձեռքբերումները Սիրիայի այս հատվածում: Մոսկվան և Դամասկոսը պետք է վերանայեն իրենց ռազմական պլանավորումները հատկապես Դեր Զորում: