«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ Հայաստանում որևէ հետաքրքիր բան տե­ղի չի ունենում՝ չհաշված գեղեցկության մրցույթը (երբ հաղթող աղջկան սկզբից թագը տվեցին, հետո ձեռքից առան), անդրադառնանք ևս մի միջազգային թեմայի` Գերմանիայում կայացած ընտրություններին: Չնայած Անգելա Ներկելը կրկին դարձել է վարչապետ, և նրա` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակ­ցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել Բունդեսթագում, սակայն թե՛ այս և թե՛ մնացած «ավանդական» կուսակցություններն առնվազն մտա­ծելու բան ունեն: Իհարկե, առաջին հերթին Քրիստոնյա-դեմոկրատները և Սոցիալ-դեմոկրատները, որոնք տասնամյակներ շարունակ կազմում էին Գերմանիայի քաղաքական համակարգի առանցքը, իսկ այս ընտ­րություններում կորցրին համապատասխանաբար 65 և 40 տեղ խորհրդարանում` նախորդ ընտրություն­ների համեմատ:
 
Իսկ ամենամտահոգիչը ավանդական արևմտյան` ազատական մտածողություն ունեցող մարդկանց համար «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրա­հեղ աջ ազգայնական կուսակցության, կարելի է ասել, շռնդալից հաջողությունն է: Այդ կուսակցությու­նը միանգամից ստացավ 94 տեղ՝ 709 տեղանոց Բունդեսթագում` արժանանալով ընտրողների 12,6 տոկոսի վստահությանը: Այդ կուսակցության գլխավոր խաղաքարտն է միգրանտների առատությունն այս երկրում, այդ մարդկանց մի մասի, մեղմ ասած, «ոչ եվրոպական» վարքը և որպես այդ ամենի հետևանք` գերմանացիների հիասթափությունը ազատական ար­ժեքներից, «բազմամշակութային» մոտեցումներից, հանդուրժողականությունից և լայնախոհությունից: Շարքային գերմանացիներից շատերը (կարծում եմ` ավելի շատ, քան 12,6 տոկոսը) ցանկանում են ազատվել թե՛ վերոհիշյալ արժեքներից և թե՛ բուն միգրանտներից:
 
Մնացածը դետալներ են, թեև` բավականին պերճախոս: Կուսակցության առաջնորդներից մեկը` 76-ամյա Ալեքսանդր Գաուլանդը, «հարգանքով է վերաբերվում» նացիստների «նվաճումներին»: Նա կոչ է անում վե­րացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ճա­նաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս: Այդ երկու «ուղղությունների» միջև առանձնապես հակասություն չկա` գերմանացի նացիոնալ սոցիալիստների և խորհրդային բոլշևիկների ջրերը որոշ ժամանակ «մի առվով էին գնում»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել