Մամուլում լուրեր տարածվեցին, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մոտ ժամանակներս կարող է ազատ արձակվել այն պայմանով, որ հեռանա Հայաստանից։ Այսինքն՝ ստեղծվում է այն իրավիճակը, երբ Բաբայանն անցյալ տարի ապրիլյան դեպքերից հետո ժամանեց Հայաստան։ Երկար ժամանակ նա Հայաստանից դուրս էր գտնվում՝ մեղադրվելով բազում պարտքերի մեջ, որոնք հետագայում ո՛չ հերքվեցին, ո՛չ էլ հաստատվեցին։ Հետո, հետ գալով, դարձավ ՕՐՕ դաշինքի ոչ ֆորմալ ստվերային ղեկավարներից մեկը՝ բացահայտ չաջակցելով, բայց ղեկավարելով քաղաքական գործընթացներն այդ դաշինքում։ Դե իսկ ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալվեց՝ մեղադրվելով ապօրինի զենք-զինամթերք Հայաստան ներկրելու մեջ։ Այժմ դատական գործընթաց է ընթանում, որն ավելի շատ հիշեցնում է բեմադրված շոու։ Բաբայանը կասկածվում է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու փորձի մեջ, որի նպատակով Վրաստանից «Իգլա» տեսակի զենք էր փորձել ներկրել Հայաստան։ Բաբայանն իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում, դատական նիստերին ներկայանում է պատշաճ՝ ի տարբերություն, օրինակ, իշխանության մյուս ընդդիմախոս խմբի՝ «Սասնա ծռերի», որոնք բացահայտ բոյկոտում են դատական գործընթացն ու դեռ պարզ չէ՝ այն ի վերջո դռնփակ կանցկացվի, թե բաց։ Բաբայանը հանդես չի գալիս ռադիկալ հակաիշխանական հռետորաբանությամբ, մինչդեռ հակառակ պարագայում նրան մի քանի տարվա ազատազրկում է սպասվում։ Նա պարզապես մերժում է իրեն առաջադրված մեղադրանքը և համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում կարող է ազատ արձակվել։ Բնական է, առանց իշխանությունների թույլտվության ու ներողամտության նման բան տեղի ունենալ չի կարող։ Միակ հարցը հետևյալն է՝ Բաբայանը կկարողանա՞ համակերպվել Հայաստանից հեռանալու մտքի հետ, թե՞ ոչ։ Ի վերջո, այդ մարդը երկրի թշնամի չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=147937135810170&id=100017816534100
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել