Ray Bradbury
    Ես ապրում եմ ջրհորում: Ապրում եմ ինչպես ծուխ ջրհորում: Ինչպես գոլորշի քարե անցքում: Չեմ շարժվում: Ոչինչ չեմ անում, միայն սպասում եմ: Վերևում տեսնում եմ գիշերվա և առավոտի սառն աստղերը և արևն եմ տեսնում: Եվ երբեմն երգում հին երգերն այս աշխարհի, երբ այն երիտասարդ էր: Ինչպես կարող եմ ասել քեզ՝ ինչ եմ ես, երբ ինքս չգիտեմ: Չեմ կարող: Ես պարզապես սպասում եմ: Ես մշուշ եմ, լուսնի լույս ու հիշողություն: Ես տխուր եմ ու ծեր: Երբեմն ընկնում եմ ներքև՝ ջրհորը, ինչպես անձրև: Ջրի մակերեսին, այն հատվածներում, ուր իմ անձրևը թափվում է արագ, սարդոստայնները ցնցվում են: Մեղմ լռության մեջ ես սպասում եմ, և կլինի մի օր, երբ այլևս չեմ սպասի:
    Հիմա առավոտ է: Լսում եմ ուժեղ որոտ: Կրակի հոտ եմ առնում: Մետաղի աղմուկ եմ լսում: Սպասում եմ: Լսում եմ:
    Ձայներ: Հեռվից:
    - Ճիշտ է:
    Մի ձայն: Օտար ձայն: Օտար լեզու, որ չեմ կարող իմանալ: Ոչ մի բառ ծանոթ չէ: Լսում եմ:
    - Մարդկանց ուղարկի՛ր հետախուզության:
    Հրմշտոց բյուրեղյա ավազի վրա:
    - Մարս: Փաստորեն սա նա է:
    - Ո՞ւր է դրոշը:
    - Ահա, սըր:
    - Շատ լավ:
    Արևը բարձր է կապույտ երկնքում, նրա ոսկե ճառագայթները լցվում են ջրհորը, և ես կախված եմ տաք լույսի մեջ ինչպես անտեսանելի ու մշուշոտ ծաղկափոշի:
    Ձայներ:
    - Երկրի կառավարության անունից հռչակում եմ այս տարածքը մարսյան տարածք և այն հավասարապես բաժանում անդամ ազգերի միջև:
    Ի՞նչ են ասում նրանք: Ես շրջվում եմ արևի վրա, ինչպես անիվ՝ անտեսանելի ու ծույլ, ոսկե ու անխոնջ:
    - Ի՞նչ է այն:
    - Ջրհոր:
    - Ո՜չ:
    - Հավատա՛: Այո՛:
    Ջերմություն է մոտենում: Երեք օբյեկտները ծնկի են գալիս հորի բերանի մոտ, և իմ սառնությունը բարձրանում է դեպի օբյեկտները:
    - Հրաշալի է:
    - Կարծում ես լա՞վ ջուր է:
    - Հիմա կտեսնենք:
    - Ինչ-որ մեկդ բերեք լաբորատորիայի թեստի շիշն ու պարանը:
    - Ես կբերեմ:
    Վազքի ձայն: Վերադարձ:
    - Ահա՛, վերցրե՛ք:
    Ես սպասում եմ:
    - Իջեցրո՛ւ: Զգո՛ւյշ:
    Ապակին փայլում է՝ իջնելով դանդաղ գծով:
    Ջուրը ծածանվում է թեթևակի, երբ ապակին դիպչում է ու լցվում: Ես տաք օդի հետ բարձրանում եմ դեպի հորի բերանը:
    - Ահա: Ուզում ես փորձե՞լ այս ջուրը, Ռեջենտ:
    - Արի փորձենք:
    - Ի՜նչ գեղեցիկ ջրհոր է: Նայիր ինչ կառուցվածք ունի: Ի՞նչ ես կարծում, ինչքա՞ն հին կլինի:
    - Աստված գիտի: Երբ մենք երեկ իջանք նախորդ քաղաքում, Սմիթն ասաց, որ Մարսի վրա կյանք չկա արդեն տաս հազար տարի:
    - Անհավանական է:
     - Ի՞նչ կասես, Ռեջենտ: Ինչպե՞ս է ջուրը:
    - Մաքուր է, ինչպես բյուրեղ: Փորձի՛ր մի բաժակ:
    Ջրի ձայն այրող արևի լույսի մեջ:
    Հիմա ես սավառնում եմ ինչպես փոշի, ինչպես կինամոն թեթև քամու վրա:
    - Ի՞նչ է պատահել, Ջոնս:
    - Չգիտեմ: Սարսափելի գլխացավ սկսվեց: Անսպասելիորեն:
    - Արդեն խմե՞լ ես ջրից:
    - Ոչ: Դա չէ պատճառը: Հենց ծնկի եկա ջրհորի մոտ, անսպասելիորեն գլուխս պոկվեց: Հիմա ավելի լավ եմ զգում:
    Հիմա գիտեմ՝ ով եմ:
    Իմ անունը Ստեֆան Լեոնարդ Ջոնս է, ես քսանհինգ տարեկան եմ, հենց նոր եմ հրթիռով եկել Երկրից և կանգնած եմ իմ լավ ընկերների՝ Ռեջենտի ու Շաուի հետ հին ջրհորի մոտ, Մարս մոլորակում:
    Նայեցի ներքև՝ ոսկե մատներիս՝ թուխ և ուժեղ: Նայեցի երկար ոտքերիս, արծաթագույն համազգեստիս ու ընկերներիս:
    - Ի՞նչ պատահեց քեզ, Ջոնս,- հարցրնում են նրանք:
    - Ոչինչ,- ասում եմ՝ նայելով նրանց:- Ամեն ինչ կարգին է:
    Կերակուրը լավն է: Տաս հազար տարի է՝ կերակուր չէի տեսել: Նրա հպումը լեզվին հրաշալի է, և գինին կերակրի հետ տաքացնում է: Լսում եմ՝ ձայներն ինչպես են հնչում: Բառեր եմ հորինում, որ չեմ հասկանում, սակայն ինչպես հասկանալ: Համտեսում եմ օդը:
    - Ի՞նչ է պատահել, Ջոնս:
    Շրջում եմ գլուխս, և կանգնում՝ բռնած ուտելիքի սպասքը: Ամեն ինչ զգում եմ:
    - Ի՞նչ նկատի ունես,- ասում է ձայնը, որ նոր մի բան է ինձ համար:
    - Ծիծաղելի ես շունչդ պահում, հազում,- ասում է նրանցից մեկ ուրիշը:
    Ես ճշգրիտ արտաբերում եմ.
    -  Հավանաբար մի քիչ մրսել եմ:
    - Բժշկի դիմիր հետո:
    Ես գլխով եմ անում, և հաճելի է գլխով անելը: Տաս հազար տարի հետո որոշ բաներ անելը հաճելի է: Հաճելի է շնչել օդը, զգալ արևը մարմնում խորը ու գնալով ավելի խորը, հաճելի է զգալ ողնաշարի կառուցվածքը, և հրաշալի կմախքը՝ թաքնված տաք մսի մեջ և հրաշալի է լսել հնչյուններն ավելի պարզ ու ավելի անմիջական, քան երբ դրանք հորի քարե խորության մեջ էին: Ես հիացած նստում եմ:
     - Սթափվի՛ր, Ջոնս: Արագացրո՛ւ: Շարժվում ենք:
    - Այո՛,- ասում եմ հիպնոսված այն բանով, թե ինչպես է բառը ջրի պես ձևավորվում լեզվի վրա և դանդաղորեն գեղեցիկ ընկնում օդի մեջ:
    Քայլում եմ, և քայլելը հաճելի է: Կանգնում եմ բարձր և հեռու եմ գետնից, երբ նայում եմ ներքև իմ աչքերից ու գլխից: Դա նման է հրաշալի ժայռի վրա ապրելուն և այնտեղ երջանիկ լինելուն:
Ռեջենտը կանգնում է քարե հորի մոտ, նայում է ներքև: Մյուսները, ցածրաձայն զրուցելով, գնում են արծաթե նավը, որտեղից եկել էին:
    Զգում եմ ձեռքիս մատներն ու բերանիս ժպիտը:
    - Խորն է,- ասում եմ:
    - Այո:
    - Այն կոչվում է Հոգու Հոր:
    Ռեջենտը բարձրացնում է գլուխն ու նայում ինձ.
    - Որտեղի՞ց գիտես:
    - Իսկ այն նման չէ՞ դրան:
    - Ես երբևէ չեմ լսել Հոգու Հորի մասին:
    - Դա մի տարածք է, որտեղ իրերը սպասում են, իրեր, որ երբևէ մարմին են ունեցել, սպասում են ու սպասում,- ասում եմ ես՝ դիպչելով նրա ձեռքին:
     Ավազը կրակ է, իսկ նավը արծաթե կրակ օրվա տապի մեջ, և հաճելի է զգալ տաքությունը: Ոտքերիս ձայնը ծանր ավազին: Լսում եմ: Քամու ձայնը և թե ինչպես է արևն այրում հովիտները:
    Զգում եմ հրթիռի այրվելու հոտը կեսօրին: Կանգնում եմ հրթիռի մուտքի մոտ:
    - Ո՞ւր է Ռեջենտը,- հարցնում է ինչ-որ մեկը:
    - Հորի մոտ տեսա,- պատասխանում եմ:
    Նրանցից մեկը վազում է հորի մոտ: Սկսում եմ դողացնել: Հիանալի ցնցող դող, որ թաքնված է խորը, բայց ուժգնանում է: Եվ առաջին անգամ ես լսում եմ այն կարծես անդունդի խորքից: Մի ձայն կանչում է իմ ներսում խորքից, փոքրիկ ու վախեցած մի ձայն: Եվ ձայնը լալիս է՝ թույլ տուր գնամ, և այնպիսի զգացողություն է, որ մի բան փորձում է ազատվել, թակում է լաբիրինթի դռները, նետվում է ներքև մութ միջանցնքներով և վերև՝ դեպի մուտքերը, արձագանքում է ու ճչում:
    - Ռեջենտը հորում է:
    Մարդիկ վազում են, բոլոր հինգը: Ես վազում եմ նրանց հետ, բայց հիմա ես հիվանդ եմ և դողն ուժեղ է:
    - Պետք է որ ընկած լինի: Ջոնս, դու այստեղ նրա հետ էիր: Տեսե՞լ ես: Ջո՞նս: Խոսի՛ր, այ մարդ:
    - Բա՞ն է պատահել:
    Ես ընկա ծնկներիս վրա. դողն այնքան վատ է:
    - Նա հիվանդ է: Այստե՛ղ, օգնե՛ք ինձ նրան բարձրացնել:
    - Արևից եղավ:
    - Ոչ, արևից չէ,- շշնջում եմ:  
Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել