Եվրասիական ինտեգրացիա ՀԿ նախագահ

Տարբեր ժամանակներում Հայաստանի արտաքին ինտերգրացիոն քաղաքականության առաջնահերթությունների մասին եղել են տարաբնույթ բարձրաձայնումներ ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Ընդ որում, այդ բարձրաձայնումները շատ հաճախ եղել են խուսափողական, հակասական և նույնիսկ լղոզված:
Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունից հետո իշխանությունները սկսել են վերարժևորել արտաքին քաղաքական որոշակի ուղղություններ` մասնավորապես Եվրասիական ընտանիքի հետ կապերի զարգացումը: Ինչի վառ ապացույցն էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության այցն էր Հայաստան, որի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հետ կնքվել են առարկայական մի շարք փաստաթղթեր` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների միջև համագործակցության, տնտեսական փոխգործակցության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ` վիճակագրական, վերլուծական և այլ բնույթի տեղեկատվության փոխանակման: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի միջև անցկացնել տարին գոնե մեկ հանդիպում: Փաստորեն այս համաձայնագրով կսկսվի հարաբերությունների նոր փուլ, որը հնարավորություն կտա երկու կողմերին գտնել փոխշահավետ լուծումներ` երկկողմ հարաբերություններին հաղորդելով նոր որակ: Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հաջորդած` Վիկտոր Խրիստենկոյի այցը Հայաստան խոսում է նաև այն մասին, որ իշխող կոալիցիան վերաիմաստավորում է իր քաղաքականությունը Եվրասիական ընտանիքի հետ` անցնելով գործնական քայլերի, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կնքված այս համաձայնագրով կոտրվում է այն կարծրատիպը, որ Հայաստանը Եվրասիական ընտանիքի հետ հարաբերություններում բավարարվում էր միայն արարողակարգային, հաճախ նույնիսկ անհասկանալի «փաստարկներով» հայտարարություններով: 
Հուսանք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կդառնան իրականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել