Կարդում եմ ոստիկանության պարզաբանումը` Արմեն Մարտիրոսյանի դաժան ծեծի հետ կապված: Փաստորեն ստացվում է, որ էն ամենն, ինչ տեսել ենք` ոմանք հենց տեղում, ոմանք էլ` համացանցում հայտնված տեսանյութերում, տեսողական խաբկանք էր, ընդարմացած ու մթագնած ուղեղի զառանցանք, կամ էլ վաղաժամ կատարակտի անցանկալի արդյունք` իր բոլոր հետևանքներով, ինչևիցե: Բանից պարզվում է, որ Արմեն Մարտիրոսյանի հանդեպ ոչ ոք բռնություն չի գործադրել, ոչ էլ ինչ-որ դաժանություն է եղել: Արմենը հենց ինքն է նախ խելակորույս գլխով հարվածել ոստիկանի պաշտպանիչ վահանին, ի դեպ այդ ոստիկանը ընդհանրապես ցանկություն չուներ, որ Արմենը դիպչեր իր վահանին, էդ վահանն ուղղակի դիզայներական ատրիբուտիկայի մաս էր կազմում, հետո նույն Արմենը, ով կարծես թե այդ օրը սխալ ոտքի վրա էր արթնացել, հոգում թաքուն երազելով գիշերն անցկացնել կոտրած քթով, շտապել է մոտակա մեկ այլ ոստիկանի գիրկը, խնդրել նրան, որպեսզի վերջինս ոտքը ծալի և ծունկը բարձրացնի հնարավորինս վեր, այնուհետև խնդրել է մնացածներին, որպեսզի իրեն ամուր բռնեն, շա՜տ ամուր, որ հանկարծ չփախչի, և հենց դիրքավորվել է, սկսել է գլխով անձնվիրաբար ու անկանոն հարվածներ տեղալ այնքա՜ն հարազատ դարձած ծնկին: Դե իսկ մեզ արդեն ծանոթ ոստիկանն էլ չի կողմնորոշվել ինչ անել, մի կողմից «խիղճը» տանջել է, բայց մյուս կողմից էլ ախր Արմենը էնպես էր թախանձում, որ հանկարծ ոտքը չքաշի, որ ամուր ծունկը վեր պահի, որ ինքը գլխով խփի՜-խփի՜...
Ու էստեղ անմիջապես հիշում եմ Գարիկ Մարտիրոսյանի (ազգանունները միտումնավոր են համընկել) "Рафик не виновен" հայտնի համարը:
Рафик стоял с друзьями-дюдоистами в 3 ночи у подезда, и мирно курили, и тут пришел скрипач и сказал, смотрите, какой я сильный скрипач!
ՀԳ. Իրո՛ք, տղեքը մեղք չունեն. մեղավոր էր Արմենը, մեղավոր եմ ԵՍ, մեղավոր ես ԴՈՒ...