Panorama.am-ը գրում է.
Հայաստանի շուկան բաց է և կարելի է զարգանալ: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Հայաստանի զարգացման հիմնախնդիրները» խորագրով թեմատիկ նիստում գործարարն ասաց, որ սփյուռքահայ գործարարները հաճախ են հարցնում, թե ո՞վ է երաշխավորելու Հայաստանում իրենց ներդրումները, դատաիրավական համակարգն ինչպիսին է, արդյոք ինդիրների դեպքում դատական համակարգն իրենց կպաշտպանի:
«26 տարվա անկախությունից հետո սփյուռքահայերի մոտ նորից տեսնում եմ վախ, սպասումներ, կասկածամտություն Հայաստանի տնտեսության և շուկայի նկատմամբ: Խնդիրներ շատ ունենք, բայց ՀՀ կառավարությունը բավականին լուրջ փոփոխություններ է սկսել: Խնդիրներով է լինելու նաև Հայաստանի ապագան, բայց եթե սպասեք, որ եվրոպական կամ Միացյալ նահանգների շուկայի օրենսդրություն ենք ձևավորելու, ապա կուշանաք, և կգան ներդրումներ կանեն օտարները»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Գործարարը նշեց՝ դեռևս հավակնում են, որ Հայաստանի ներդրումները կլինեն էթնիկ-հայկական ծագում ունեցող գործարար աշխարհից, դրա համար ժամանակին ստեղծեցին Համահայկական առևտրի ցանցը: Մինչդեռ, ըստ նրա, իր համար որպես գործարարի՝ դա էական չէ, կարևորը ներդրումներ լինեն:
«Հնարավո՞ր է Հայաստանում ներդրում անել, շահույթ ունենալ և զարգանալ, իմ օրինակը ձեզ վկա: Իմ վերջին խոշոր երկու ներդրումներից մեկն արել եմ 2008 թվականի մարտի 1-ին, երբ Երևանում անկայուն քաղաքական վիճակ էր, իսկ մյուսը՝ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի օրերին: Արել եմ և գնում եմ առաջ: Ինչո՞ւ դուք պետք է գաք Հայաստան և այստեղ ներդրում անեք, որովհետև մեզ մոտ շահութաբերության տոկոսը բարձր է, ձեր իմացած շուկաներում այդ շահութաբերությունը չեք ունենա, ինչ Հայաստանում: Ոչ միայն նրա համար, որ մեզ մոտ աշխատուժը թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար մատչելի են, այլ նրա համար, որ մենք անցումային տնտեսություն ենք: Բացի մի քանի ճյուղերից, որտեղ գերակա դիրք ունեցողներ են հայտնվել, շուկան բաց է և կարելի է զարգանալ»,- ընդգծեց Արսեն Ղազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



