Panorama.am-ը գրում է.
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում՝ «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով ուղղության շրջանակներում:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, անդրադառնալով բանակի դերին, ազգ-բանակ գաղափարախոսությանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշել է, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ հասկանում է, որ Արցախը երբևէ չի լինելու իր կազմում և միաժամանակ չհամակերպվելով այդ մտքի հետ՝ փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով.
«Սա նշանակում է, որ մենք երկարատև մի ժամանակաշրջան գտնվելու ենք ռազմական, քաղաքական և տնտեսական կատաղի մրցակցության մեջ»:
Ազգ-բանակ գաղափարախոսությունն առաջ քաշելու անհրաժեշտությունը, սակայն, Մանուկյանը պայմանավորել է ոչ միայն Արցախյան հիմնախնդրով, այլ նաև ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումներով:
«Երբեք աշխարհն այսպես քաղաքական անորոշության մեջ չի եղել»,-ասել է Մանուկյանը՝ պարզաբանելով, որ երբ ավարտվեց սառը պատերազմը, Խորհրդային միությունը փլուզվեց, և Հայաստանն անկախացավ, շատ քաղաքական գործիչներ կարծում էին, որ սկսվում է մի նոր, ոսկե ժամանակաշրջան, երբ նվազելու է միջազգային լարվածությունը, ավարտվելու են պատերազմները, համագործակցություն և զարգացման նոր հոսք է առաջ գալու:
«Բայց ժամանակները փոխվեցին, և պարզվեց, որ աշխարհը հավասարակշռության մի կետից մուտք է գործում մի նոր հավասարակշռության կետ, որի մասին ոչ ոք գաղափար անգամ չուներ: Եվ տեսեք, թե ինչ լարվածություն այսօր կա Միացյալ Նահանգներում, ինչ է կատարվում Եվրոպայում, ինչ հակասություններ են նորից առաջացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչ տեղի ունեցավ Արաբական հեղափոխությունների ժամանակ, ինչպես առաջացան խմբեր, որոնք փորձում են ստեղծել իսլամական պետություն: Սա մի նոր երևույթ է, և տասնյակ ժողովուրդներ մտել են լարված այս պայքարի մեջ: Եվ այն ժողովուրդները, որոնք չեն դրսևորի նոր գաղափարներ, նոր սկզբունքներ և չեն ստեղծի անվտանգության նոր երաշխիքներ, դատապարտված են ոչնչացման կամ դառնալու երկրորդական լճակներ արագ փոփոխվող աշխարհում: Այնպես որ, եթե Ղարաբաղյան հարցն էլ չլիներ, Թուրքիայի պրոցեսներն էլ չլինեին, այս ամենը ևս մեզ պարտադրելու էր համախմբվել, հատկապես, որ կա մի հանգամանք ևս՝ արտագաղթը»,- ասել է նա:
Անդրադառնալով արտագաղթի հիմնախնդրին ու դրա որոշ պատճառներին՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ, անարդարություն, գլոբալ տեղաշարժ աշխարհում և այլն, Վազգեն Մանուկյանն առաձնացրել է ևս մի դրդապատճառ. «Մարդկանց մի մասն ուզում է փախչել, խուսափել այն պատասխանատվությունից, որը դրված է Հայաստանում ապրող ժողովրդի ուսերին,-նշել է նա,-բայց միայն 3 միլիոնով դիմագրավել այս մարտահրավերներին, կառուցել բարգավաճող պետություն, իհարկե, շատ դժվար կլինի: Ու հիմա ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում: Եթե ողջ հայությունն այսօր համախմբված չլինի, այդ խնդիրները լուծում չեն կարող ստանալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



