Սերժ Սարգսյանը հազվադեպ է խոսում հստակ թվերից ու ժամանակագրությունից, սակայն երևի ընթերցողը լավ կհիշի, որ դեռ պառլամենտական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ նախագահը ելույթ էր ունենում, նա, մոտավոր ձևակերպմամբ, ասաց հետևյալը՝ գալիք երկու տարիները Հայաստանի համար լինելու են բեկումնային։ Անշուշտ, Սարգսյանն այս անգամ, իր բնավորության համաձայն, չլղոզեց իր խոսքը, ինչպես սովորաբար անում է թե՛ իր գործում, թե՛ խոսքում, այլ հստակ նշեց, որ երկու տարիները Հայաստանի համար լինելու են շատ կարևոր։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Նախևառաջ, խոսքը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական-հասարակական գործընթացներին, դրանցում նշմարվող որոշ ցիկլերի ավարտին ու տեսլականին։ Տեսլական այսօր մեր երկրում չկա, ու դա ամենավատն է, այնքան վատ, որ դրան բախվում են և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը, ու չեն կարողանում ձևավորել այդ օրակարգը։ Ի վերջո, կողմերից մեկը ստիպված է լինելու դա ձևավորել, որովհետև այլ կերպ զարգացում ապահովել չի լինի։ Հետևաբար ով էլ լինի Հայաստանի իշխանության գլխին 2018 թվականից հետո, պետք է հաշվի առնի հետևյալը՝ անհրաժեշտ է ձևավորել Հայաստանի տեսլական, դարձնել այն համընդանուր քննարկման թեմա ու փորձել ստանալ հանրության վստահությունը։ Միայն այդ պարագայում քաղաքացին պատրաստ կլինի կիսել պատասխանատվությունն ու կրել զրկանքներ։ Այլ կերպ լինել հնարավոր չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: