Ի զարմանս ինձ՝ վերջին օրերին Հայաստանի հասարակությունն աննախադեպ ադեկվատ վերաբերմունք ցուցաբերեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված միջադեպին։ Ավելի ճիշտ՝ նախ՝ նրա ձերբակալման, հետո՝ նաև ազատման մասով։ Լապշինը Բաքվի բանտախցից ազատ է արձակվել երկու օր առաջ ու հիմա գտնվում է Իսրայելում։ Նրան ազատ է արձակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներման շնորհմամբ։ Քանի որ վերջինս բազմիցս եղել է ԼՂՀ-ում, մեղադրվում էր Ադրբեջանի տարածք անօրինական ոտք դնելու համար, ինչն, ըստ այդ երկրի, քրեորեն պատժելի է։ Բնականաբար, գտնվեցին մարդիկ, ովքեր այն ժամանակ, երբ Լապշինը բանտից հայտարարում էր, որ ճանաչում է ԼՂՀ-ն՝ որպես Ադրբեջանի անբաժան մաս, քննադատեցին նրան, սակայն շատերը հասկանում էին, որ այս մարդը, մեծ հաշվով, ուրիշ բան անել չէր կարող, քանի որ գոնե հայերը լավ գիտեն՝ ինչ են անում ադրբեջանցիները ռազմագերիների հետ։ Հետևաբար, ուրիշ բան սպասելն այս պարագայում անսպասելի կլիներ ու տարօրինակ, որովհետև այդ պահին մարդու միակ գերխնդիրը ողջ մնալն է։ Եվ երեկ, երբ Լապշինը գրառումներ էր անում իր ֆեյսբուքյան էջում՝ բացահայտելով ադրբեջանական ռեպրեսիաներն իր հանդեպ ու այդ երկրում տիրող գաղջը, հայ հասարակության մեծ մասը սոցիալական կայքերով ողջունում էր բլոգերին ու աջակցություն հայտնում։ Սա, իհարկե, որոշակիորեն նաև քաղաքական նրբերանգ ունի, քանի որ վերջին շրջանում նավթի գների ու Իսրայելի կողմից Ադրբեջանին թռչող անօդաչու սարքերի տրամադրման մերժումից հետո սրվել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այդ երկու պետությունների միջև որոշակի սառնություն կա։ Էլ ի՞նչ պիտի անի Հայաստանը, եթե չօգտվի դրանից։ Իսկ դա արդեն քաղաքական հարց է՝ դիվանագիտական փուլ թևակոխող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: