ԵՄ հայաստանյան հարցերով հանձնակատար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը միայն ու միայն Հայաստանի քաղաքացիների որոշելու հարցն է։ Առաջին հայացքից պատասխանը զուտ դիվանագիտական էթիկա է ենթադրում, սակայն սա նշանակում է, որ, անկախ նրանից՝ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, թե ոչ, ԵՄ-ն պատրաստ է քաղաքական համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ։ Սրա մասին խոսում են բոլորը՝ սկսած վարչապետ Կարեն Կարապետյանից, ով համարվում է, այսպես կոչված, Ռուսաստանի մարդը»։ Այսինքն՝ սա նշանակում է, որ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրելուն, և հետևաբար, 2013 թվականի քաղաքական ճգնաժամն այս պահին որևէ կերպ Հայաստանին չի սպառնում։ Սա պետք է հստակ հասկանալ։ Այլ հարց է, թե ինչպես են սա փորձելու ներկայացնել այն մարդիկ կամ քաղաքական շրջանակները, որոնք կոնկրետ շահագրգռված են, որ Հայաստանը չստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը։ Կարծում եմ՝ այս ամենը տեղի է ունենալու բացառապես մինչև նոյեմբեր ամիսը։ Համենայն դեպս, չստորագրելու և ոչ մի հիմք չկա, որովհետև սովորաբար նման դեպքերում բևեռներից մեկնումեկը երկար ժամանակ աշխատում է լռություն պահպանել կարծիք հայտնելիս։ Անշուշտ, որոշումների ընդունումը տեղի է ունենում բավականին նեղ շրջանակներում, ու շատ հանրապետականներ տեղյակ չէին, որ, օրինակ, 2013 թվականին Հայաստանը ԵԱՏՄ է մտնելու, սակայն կարծում ենք, որ սա այդ դեպքերից չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: