Հայաստանում կառավարությունները փոխվում են աստղաբաշխական արագությամբ, սակայն անկեղծ որ խոսենք, դրանից նրանց արդյունավետությունը չի ավելանում։ Ինչո՞ւ է այդպես։ Վերլուծաբանների շրջանակներն այս խնդիրը կապում են համակարգի հետ, նրա՝ արտաքուստ ժողովրդավար, սակայն ներքին ավտորիտարիզմ պարունակող տարրերի, մոնոպոլիաների, էլիտաների հետ։ Ի՞նչ անել նման պարագայում։ Փորձը ցույց է տալիս, որ վարչապետի գործառույթներից շատ բան կախված չէ, որովհետև վարչապետը մաս է կազմում, ընդ որում՝ հաճախ նաև շատ փոքր մաս է կազմում այն ամբողջ արատավոր համակարգի, որը խժռել է այսօր Հայաստանի տնտեսությունը։ Տեսեք, օրինակ, նախորդ կես տարվա ընթացքում կառավարությունը մի քանի ոլորտներում էական աճ է գրանցել։ Մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, որտեղ մի շարք երկրների (Քաթար, ԱՄԷ, Ռուսաստան, իսկ մոտ ապագայում՝ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերից, նաև Ճապոնիա) վիզաների հեշտացման հարցն է կարգավորվել, ու հետևաբար, Հայաստան գալու, կամ Հայաստանից դուրս գալու ու այս երկրներ այցելելու վերաբերյալ դրույթներն են հեշտացվել։ Վերջին 6 ամսվա կտրվածքով 24 տոկոսով աճել է տուրիզմը։ Հրաշալի է։ Այդ դեպքում եկեք հասկանանք այս թվերի իրական ծագումնաբանությունն ու տեսնենք, թե ինչքանով են սրանք օբյեկտիվ։ Հայաստանում կես տարվա ընթացքում նման ցուցանիշներ ապահովելը մի քիչ խելքին մոտիկ չէ, հետևաբար, խելքին մոտիկ չէ նաև դա պայմանավորել միայն կառավարության աշխատանքով։ Քիչ իրադարձություններ տեղի չեն ունեցել անցյալ տարի Հայաստանում (ՊՊԾ գնդի գրավում, Ապրիլյան պատերազմ և այլն), որ բացասական իմաստով կարող են անդրադարձած լինել տուրիզմի վրա։ Պարզ պատճառ՝ մարդիկ այդ ժամանակ, տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, պարզապես չէին գալիս Հայաստան, ու դա առավել, քան հասկանալի է։ Ու հիմա, երբ չկան նման վտանգներ, որոշակիորեն աճել են տուրիզմի թվերը։ Արձանագրել, որ դա տնտեսության մեջ լուրջ ձեռքբերում է, այնքան էլ համաչափ ու տեղին չէ։ Դրան գումարած՝ սրանք տնտեսության վրա այս պահին էական ազդեցություն չունեն, որովհետև պարզ է, որ այդ եկամուտները պետք է հավաքագրվեն բյուջե և հետագայում արդեն զգացնել տան քաղաքացիների սոցիալական կյանքի ազդեցության վրա։ Սակայն պարզ է, որ, ինչպես նշեցինք, վարչապետն էլ, իր կառավարությունն էլ ինչքան էլ որ լիբերալ տնտեսության կողմնակիցներ լինեն, միևնույն է, որոշ կարծրատիպերով կաշկանդված են, նրանց գործողությունների դաշտը չափազանց սահմանափակ է, միգուցե նրանք բարեփոխող են, սակայն առանց քաղաքական միջամտության աստեղ հարց չի լուծվի։ Իսկ վարչապետը, ով դեռ հերթականը չէ, բայց կարծես թե բանը դրան է գնում, թոշակի անցնելուց հետո կմնա որպես հերթական վարչապետ, թեպետ, իր նախորդների համեմատ, գոնե կառավարման դրական ֆոնն ապահովել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել