ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանին վերաբերող հայտարարությունը առ այն, որ նա կարող է վարչապետ դառնալ, եթե ուզենա, իր մեջ յուրօրինակ խորհուրդ է կրում։ Տեսեք, մեծ հաշվով՝ Հակոբյանը ճիշտ է ասում ոչ թե նրա համար, որ ՀՀԿ ղեկավարն է նախագահը, այլ քաղաքական իրավիճակն այսօր այնպիսին է, որ, ցավոք, քաղաքական առումով Սարգսյանին այլընտրանք չկա, եթե, իհարկե, մի կողմ դնենք հուզական երանգները։ Էլիտայի վերադասավորում մինչև 2018 թվականը դժվար տեղի ունենա, որովհետև Հայաստանն այս ժամանակահատվածում շատ ավելի ընկղմված է արտաքին աշխարհաքաղաքական բարդ խնդիրների մեջ։ Ներքին ճգնաժամ, իհարկե, գոյություն ունի, սակայն Հովիկ Աբրահամյանի միջադեպով կարծես թե վերջ տրվեց նաև ներիշխանական խմորումներին։ Եվ այս իրավիճակու հանրության համար, անշուշտ, լավատեսական նոտա չի ներշնչում Հակոբյանի հայտարարությունը, սակայն դե յուրե և դե ֆակտո Սարգսյանն ունի բոլոր հնարավորությունները վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Ե՛վ իրավական, և՛ քաղաքական բոլոր հնարավորությունները դրա համար կան։ Այլ հարց է, թե արտաքին աշխարհի, միջազգային հանրության համար ինչքանով է նպատակահարմար Սարգսյանի կառավարման շարունակությունը։ Հայտնի է, որ մեկ անգամից ավելի երկրի կառավարման հավակնություններ ունեցող մարդկանց հանդեպ, մեղմ ասած, Սարգսյանը սկեպտիկ վերաբերմունք ունի, նախկին նախագահների հանդեպ ի որդեգրած քաղաքականությունը՝ վկա։ Սակայն հիմա հերթը հասել է իրեն, և նա իսկապես բարդ ընտրության առջև է կանգնել։ Սեփական իշխանությունը երկարացնելու համար նա, իհարկե, կգործադրի մաքսիմալ ջանքեր ու հենց այնպես, զուտ սոլիդարությունից ելնելով, ինչին նրան փորձում են դրդել ընդդիմախոսները, չի հրաժարվելու։ Այնպես որ, Սարգսյանը եթե իսկապես ուզենա, վարչապետ կդառնա։ Հարց է, թե ինչ գին է նա դրա համար վճարելու, ու ինչպես դրան կարձագանքեն դրսում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=278845125951760&id=100014788247740&ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1505293584008628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել