Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը, ինչպես բազում անգամ նշել ենք, ՀՀ-ում արդարության ու արդարադատության համակարգերի նկատմամբ տոտալ անվստահությունն է։ Ունենում ենք սովորաբար երկու իրավիճակ՝ ժամանակներ, երբ կարծես թե ամեն ինչ հանգիստ է, ու արդարադատության բացակայության մասին մենք իմանում կամ տեղեկանում ենք միայն թերթերից կամ միջանձնային զրույցներից, և իրավիճակներ, երբ ցցուն օրինակներով մենք համոզվում ենք այդ զրույցների ճշմարտացիության մեջ։ Ահավասիկ, ՀՔԾ-ն կարճել է Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) վերաբերյալ գործը։ Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ համացանցում հայտնվեց մի նյութ, որտեղ ԱԺ պատգամավորի եղբայրը «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցներին հանդիմանում էր ընտրություններում լավ չաշխատելու ու ձայներ չապահովելու համար։ Թվում էր՝ նոր կառավարություն ու ԱԺ ձևավորելուց, ժողովրդին խոստումներ տալուց հետո պիտի որ գոնե գործնական քայլեր արվեին այս ուղղությամբ, ու տեղեկություններ էին տարածվում, որ Արտակ Սարգսյանը լինելու է առաջին «զոհը» արդարադատությունը վերականգնելու ճանապարհին։ Սակայն արի ու տես, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. գործը կարճվեց, ու Արտակ Սարգսյանը ոչ միայն կշարունակի իր գործունեությունը, այլև քրեական պատասխանատվության չի ենթարկվի։ Տեղյա՞կ է սրա մասին Սերժ Սարգսյանը։ Իհարկե, տեղյակ է։ Ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել։ Կարո՞ղ էր նա թեկուզ իր վարկանիշի համար պատժել Սարգսյանին։ Իհարկե, կարող էր։ Չարեց, որովհետև Սարգսյանը երևի, ըստ արժանվույն, նյութականապես փոխհատուցել է իր արածների համար։

Իսկ հիմա բերենք մի փոքրիկ օրինակ ու այսքանով սահմանափակվենք։ Ռուսաստանի պես կիսաավտորիտար երկրում, որտեղ արդեն քսան տարի է՝ նախագահ է Վլադիմիր Պուտինը, վերջին չորս տարիներին երկու խոշոր նախարար է դատվել՝ պետական դիրքը չարաշահելու ու միջոցները վատնելու համար։ Սա քիչ է, սակայն, ամեն դեպքում, այն օրինակներից է, որ նույնիսկ այդ երկրում իշխանությունը երբեմն կոշտ քայլերի է դիմում՝ արդարադատության համակարգի, իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Սա տևական պրոցես է։ Իսկ Հայաստանում մարդ արդեն սկսում է անհանգստանալ, թե էլ ինչ մակարդակի հանցագործություն պիտի կատարած լինի պետական պաշտոնյան, որ նրա հանդեպ արդար դատ ու դատաստան տեղի ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել