ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» մամլո խոսնակների իրար հակասող ֆորմատները: «Եթե ցանկանում ես պատկերացնում կազմել տվյալ կուսակցության մասին՝ անմիջապես զանգահարիր նրա մամլո խոսնակին» Ուինսթոն Չերչիլի այս արտահայտությունը մտորումների տեղիք է տալիս: Հարգելի ընթերցող, որպեսզի «կարդալ» տարբեր կուսակցությունների ամբողջական պատկերի նկարագիրը, անհրաժեշտ է նրան ուսումնասիրել բոլոր ուղղություններով:
Հայաստանում մամլո խոսնակների հարթության մեջ, չգիտես, թե ինչու, աղավաղված է «լուսաբանել» բառի իմաստը: Ամեն կուսակցության մամլո խոսնակ յուրովի է հասկանում իր պարտականությունները: Որպեսզի ավելի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, վերցնենք կոնկրետ 4 աչքի ընկնող կուսակցությունների մամլո խոսնակների գործելաոճը և փորձենք ինչ-որ ընդհանուր բան գտնել նրանց մեջ: Այստեղ, իհարկե, հարց կառաջանա`իսկ ինչո՞ւ նրանց գործելաոճում պետք է լինի ընդհանրություն: Պատասխանը ալտերնատիվ տարբերակ չունի, քանզի մամլո խոսնակը ունի ընդամենը մեկ, սակայն շատ կարևոր գործառույթ՝ պատշաճ և հասկանալի լուսաբանել տվյալ կուսակցության հետ կապված բոլոր իրականացվող կամ սպասվելիք գործառնությունները, ինչպես նաև տեսակետները: Այս հարթության մեջ էմոցիա բառը ընդհանրապես պետք է բացակայի, քանզի ժողովուրդը, ի դեմս լրագրողների, տվյալ դեպքում պետք է խոսնակի շուրթերից հստակ հասկանա իրեն հետաքրքրող նույնիսկ մանրուքները: Եվ այսպես`
• ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանով - երբ այսպիսի «կալիբրի» քաղաքական գործիչը միևնույն ժամանակ նաև մամլո խոսնակ է, ապա նրա մոտ, անկախ իրենից, խախտվում են խոսնակին հարիր էթիկայի կանոնները: Ես բարձր եմ գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը, որպես «քաղաքական սուբյեկտի», սակայն ես չեմ հիշում մի դեպք, որտեղ նա լրագրողների հարցերին պատասխանի հստակ, առանց անձնական մեկնաբանությունների, որտեղ նա ուղղակի արտահայտի ՀՀԿ-ի դիրքորոշումը: Բերեմ մի օրինակ (որտեղ Շարմազանովը թերևս փորձել է ամենահամեստ ֆորմատով պատասխանել, բայց նույնիսկ այս դեպքում նա էլի ֆորմատի մեջ չէ). թերթի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով հարցին, թե ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն համատարած խախտումների և ընտրակաշառքի ահազանգերի առթիվ, նշել է. «Եթե չկա անուն-ազգանուն, ուրեմն չկա որևէ բան։ Համատարած ընտրախախտումների մասին խոսելն ընդամենը ոմանց ցանկությունն է»։ Ի՞նչ է նշանակում «ոմանց ցանկությունն է» արտահայտությունը, և սա ո՞ւմ տեսակետն է, ի՞ր, թե՞ ամբողջ ՀՀԿ-ի, և այսպես համարյա բոլոր պատասխանների դեպքում:
• ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյան - էմոցիոնալ պահվածքը այս մամլո խոսնակի մոտ ուղղակի բնավորության գիծ է դարձել, նրա ամեն մեկնաբանությունն անպատճառ դառնում է քննարկման առարկա, և այստեղ հետաքրքրաշարժը այն է, որ քննարկման առարկա է դառնում ոչ թե բուն նյութը, այլ հենց իր մատուցման ձևը:
• ՕԵԿ-մամլո քարտուղար Արթուր Միսակյան - այստեղ ընդհակառակը, էմոցիոնալ հարթությունը ընդհանրապես բացակայում է, և նրա պատասխանները ավելի շատ նման են պաշտոնական հաղորդագրության (սակայն ի արդարացում իրեն կարելի է ասել, որ այս ֆորմատը ավելի մոտ է եվրոպական չափանիշներին, «ոչ մի ինքնագործունեություն» սկզբունքով լուսաբանվում է միայն կուսակցության տեսակետը առանց անձնական շատ դեպքերում շեղող մեկնաբանությունների):
• «ժառանգություն» մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյան - նրանից հարցերի պատասխաններ ու մեկնաբանություններ ստանալը, ի տարբերություն հենց կուսակցության առաջնորդի պատրաստակամության պատասխանել բոլոր հարցերին, գրեթե անհնար է ստանալը: Իր օրը Ֆեյսբուքում մթնեցնող պարոն Խուրշուդյանը, թեպետ պարտաճանաչ կարդում, բայց չի պատասխանում նաև օնլայն նամակներին:
Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է գալ մի եզրակացության՝ մեր մոտ նույնիսկ այս հարթության մեջ շատ շտկելու բան կա:



