Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտ­րային քա­ղա­քա­կա­նու­թյան և տն­տե­սա­գի­տու­թյան հար­ցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից: 

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսսերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվել են երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել