Բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը եթե գնում է կոալիցիայով կառավարություն ձևավորելուն, դա կոչվում է ազգային համաձայնության կառավարություն: Մի բան ակնհայտ է․ այդպիսի կառավարություն ձևավորում են այն ժամանակ, երբ կա ճգնաժամ կամ, առնվազն, նման մեծ ռիսկ:
Այդ ճգնաժամերը լինում են տարբեր՝
1. լեգիտիմության․ հասկանալի է, երբ չկա վստահություն իշխանության նկատմամբ,
2. քաղաքական, երբ առկա է քաղաքական անկայունություն կամ նման վտանգ,
3. կառավարման, երբ իշխանության թևերի միջև կա անհամաձայնություն, կոնֆլիկտ,
4. սահմանադրական, երբ այն դադարում է կարգավորել հասարակական-քաղաքական հարաբերությունները,
5. նաև տնտեսական, երբ կա ռեսուրսների դեֆիցիտ և չկա զարգացում:
Բայց առաջնայինն այս տեսանկյունից լեգիտիմության ու քաղաքական ճգնաժամերն են:
Լեգիտիմության մասով ասում էին՝ լրիվ լեգիտիմ ընտրություն էր, քաղաքական ճգնաժամ կարծես չի երևում, զանգվածների ակտիվ մասնակցությունը կամ, ինչպես ընդունված է ասել, օրթոդոքսալ ու ոչ օրթոդոքսալ մասնակցություն չկա, կառավարման ճգնաժամի մասին խոսք չկա։ Ինչ իշխանության ճյուղեր, ինչ բան, Սահմանադրությունը նոր են ընդունել ու ասում էին՝ լրիվ համահունչ է մեր սոցիալական օրգանիզմի զարգացման ընթացքին ու կարգավիճակին, իսկ տնտեսականի մասով էլ ասում են՝ աճ կա, դինամիկա կա, հեռանկար՝ ներդրումների տեսքով և այլն:
Ուրեմն՝ կա՛մ նշված ոլորտներից մեկում, կա՛մ մի քանիսում մանիպուլյացիան փոխարինել է իրականությանը (կարծում եմ՝ հասկանալի է, թե հատկապես որ ոլորտներին դա կարող է վերաբերվել), կամ կա մեկ այլ պատասխան, որը Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Գավելի բառերով կոչվում է աբսուրդիստան...