Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հավակնում քաղաքական ամենաբարձր իշխանության Ուկրաինայում, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ պայքարել Ուկրաինայում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սաակաշվիլին գովեստի խոսքեր է ասել սահմանապահ զորքերի ու ոստիկանության հասցեին, ովքեր ցուցաբերել են մաքսիմալ պատրաստվածություն, որպեսզի երեկ ավելորդ արյունահեղություն չլիներ իր՝ Լեհաստանի-Ուկրաինա սահմանը հատելիս։ Ինչպես գիտենք, Օդեսայի նախկին քաղաքապետն արդեն գտնվում է Ուկրաինայում։
Քչերն են հավատում, որ նա չի հավակնում քաղաքական պաշտոնների այդ երկրում, որովհետև նախ՝ այնպես չէ, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա, և երկրորդ՝ այնպես չէ, որ Սաակաշվիլին արժանի չէ Ուկրաինայի նախագահ դառնալուն։ Լավ, թե վատ՝ նա ռեֆորմատոր է, ու դրա արդյունքները մենք տեսել ենք Վրաստանում։ Փորձն էլ հսկայական դեր ունի, որովհետև նույն Սաակաշվիլին, ի վերջո, ութ տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։ Այնուամենայնիվ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Ուկրաինայում, մեղմ ասած՝ ավելին է, քան քաղաքական իրադարձությունը։ Բնականաբար, Սաակաշվիլին չի կարող չունենալ քաղաքական նպատակներ, ավելին՝ նա կարող է դառնալ պատմության մեջ առաջին մարդը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոն միանգամից երկու երկրում։ Սակայն դրա համար նա պետք է շատ աշխատի։ Նախ՝ հնարավոր է՝ Ուկրաինայում շատ շուտով կարգավորվեն Դոնեցկի ու Լուգանսկի խնդիրները, որտեղ կտեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր։ Եվ ոչ միայն այդ գոտում, այլև ռուս-ուկրաինական սահմանի այն կետերում, որոնք դուրս են գտնվում ուկրաինական վերահսկողությունից։ Սա իշխանություններին բավականին մեծ ֆորա է տալիս, ու Սաակաշվիլու գործը գնալով բարդանում է։ Այնպես որ, ճիշտ է, հսկայական սեգմենտ կա, որ դժգոհ է Ուկրաինայի ներկա իշխանություններից, սակայն քիչ էլ չեն նրանք, ովքեր հաստատ կսատարեն գործող իշխանություններին՝ թեկուզ և վերոնշյալ հարցում ունեցած հաջողության համար: