Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նկատել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2012 թվականի զեկույցում հաշվի չեն առնվել մշակույթի «ամենաանպաշտպան» ոլորտները` կերպարվեստն ու երգարվեստը:
«Կիրառությունից վերացել է արվեստանոց բառը: Արվեստանոցները կցվել են հասարակական նշանակության տարածքներին և հավասարապես հարկվում են կազինոների և խանութների չափով` գումարած կոմունալ ծախսերը: Խոսքը վերաբերում է նկարիչներին, որոնք գտնվում են ծանր պայմաններում: Ով հնարավորություն ունի, սեփականաշնորհում է տարածքը և բնակարանների հարկերի չափով վճարումներ անում»,- զեկույցի քննարկման ժամանակ խնդիրը բարձրացրեց Շուշան Պետրոսյանը` ընդգծելով, որ Հայաստանը միակ երկրին է, որ նման վերաբերմունք ունի կերպարվեստի և նկարիչների նկատմամբ:
Երգարվեստում նույն անմխիթար վիճակն է. օրենքով պարտադրվել է կենդանի հնչողությամբ համերգ տալ, ճիշտ է, պաշտպանվել է հանդիսատեսի իրավունքը, սակայն խախտվել են կատարողների իրավունքները: «Դուք գիտե՞ք, որ հնագույն` Տրոցկու ժամանակների միկրոֆոններով ենք ելույթներ ունենում: Ես այս հարցը բարձրացնում եմ առանց վախի, որովհետև կենդանի երգողներից եմ, բայց սա շատ կարևոր վերաբերմունք է արտիստների նկատմամբ և ոտնահարում է մեր իրավունքները», -դիմելով պաշտպանին` հայտարարեց երգչուհի պատգամավորը:
Մյուս խնդիրը, որ բարձրացրեց պատգամավորը, վերաբերում էր Քարվաճառի 3840 մ բարձրության վրա գտնվող դիրքերին ու դրանք պահող զինվորներին: Նա ասաց, որ երբ ձմեռ է լինում, մինչև դիրքեր ճանապարհներն անանցանելի են դառնում, իսկ տղաները, 60 կգ ծանրության բեռը կրելով, բարձրացնում են վերև:
«Զինվորական ծառայությունից արձակված անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության տեսանկյունից ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է Քարվաճառում երկամյա ծառայությունից հետո զինվորներին ապահովել գոնե մեկամսյա անվճար բուժօգնությամբ, որովհետև երիկամների, հիպերտոնիայի և ողնաշարի հետևանքներ են ունենում»,- օմբուդսմանին հարցրեց Շուշան Պետրոսյանը:
Այս բոլորը լսելիս Կարեն Անդրեասյանը ակնհայտորեն վատ զգաց ու ասաց, որ ինքն անհարմար դրության մեջ է հայտնվել, քանի որ երբևէ չի մտածել անդրադառնալ այդ հարցերին:
«Ինձ համար քննադատությունը ցավոտ է այն առումով, որ մենք չենք պատկերացրել այդ ոլորտը: Ձեր բարձրացրած երեք խնդիրներն էլ նոր էին մեզ համար: Ես պետք է կարողանայի այնպես անել, որ միայն ես կարողանայի տեղեկություն տալ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներով: Բայց հիմա այնպես է ստացվում, որ ես եմ Ձեզնից ծանոթանում որոշակի խնդիրների մասին»,- արձագանքեց մարդու իրավունքների պաշտպանը` վստահեցնելով, որ դրանք բոլորը կքննարկվեն:
Նյութի աղբյուրը



