Իհարկե, լավ է, որ տուրիզմի ցուցանիշներն աճել են, բայց իմ համեստ կարծիքով՝ այդ աճն ունի նաև որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ նրբերանգներ ու ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ եթե ամեն ինչ նորմալ լիներ, դեռ անցած տարի 20+ աճ կլիներ։ Այդ իսկ պատճառո բացարձակ անհասկանալի է, թե ինչու է Կարեն Կարապետյանի կաբինետը իրեն վերագրում այս ցուցանիշները։

Այն փաստը, որ անցած տարի մենք այդքան տուրիստ ենք ընդունել, արդեն իսկ զարմանալի է։ Չմոռանանք, որ անցած տարի մենք կարճատև պատերազմով անցանք, իսկ հետո երկու շաբաթ ահաբեկչական գործողության կիզակետում էինք ու լարված հասարակական իրավիճակում։ Հավատացե՛ք, պոտենցիալ տուրիստի աչքերում այդ երկու գործոններն այդքան էլ մոտիվացնող չեն՝ իրենց հանգիստը հենց Հայաստանում պլանավորելու կոնտեքստում։

Այս տարի պատերազմ չեղավ, ոչ էլ Սասնա ծռեր ի հայտ եկան ու տուրիստների այն կատեգորիան, ում համար դա էական էր, էլ խանգարող հանգամանք չուներ, որպեսզի այս տարի գա Հայաստան։ Մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով մուտք գործելու որոշումը շատ լավն է ու արդեն մի քանի ամսում հասցրել է լուրջ արդյունքներ տալ, բայց կրկին՝ որքանո՞վ կարելի է դա համարել այս տարվա ձեռքբերում։ Ի վերջո, մի օրվա մեջ չեկան դրան, և դեռ հարց է, թե արդյոք սա Կարապետյանի թիմի շնորհքն է, թե՞․․․ Հովիկ Աբրահամյանի։

Ինչևէ, փաստը, որ տուրիստական ներհոսքն աճում է, միանշանակ, դրական տենդենց է։ Պարզապես պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, որովհետև դա կբերի նրան, որ աճը կդանդաղի, եթե չասեմ՝ կվերածվի նվազման։ Պետք է շարունակաբար զարգացնել ենթակառուցվածքը, ինչ-որ ողջամիտ ընդհանուր հայտարարի բերել գնային քաղաքականությունը (մանավանդ՝ հյուրանոցային սեգմենտում) ու, իհարկե, պետք է վտարել օդանավակայանի խուժան տաքսիստներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել