Երբ մարդիկ պարտություն կամ անհաջողություն են կրում, ապա կա երկու ելք: Կամ ազնվորեն վերլուծել սեփական սխալները եւ հետեւություններ անել, կամ էլ մեղավորներ փնտրել սեփական անձից եւ խմբից դուրս: Խնդիրը հեշտանում է այն դեպքերում, երբ մեղավորը նախօրոք էլ «նշանակված է» եւ «հայտնի է»: Այստեղ, սակայն, երկու հոգեբանական նրբություններ կան: 1. Վերլուծության եւ ինքնաքննադատության ճանապարով սովորաբար գնում են նրանք, ում հռչակված եւ իրական նպատակները համընկնում են: Եթե այդ երկուսի արանքը կա հակասություն, ուրեմն նախընտրելի է «մեղավորներ» փնտրելու ճանապարհը: 2. Մեղավորներ փնտրելով ու «հաջողությամբ» գտնելով անհաջողության մատնված խումբը՝ յուրահատուկ հոգեբանական սադրանք է գործում: Նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ է արտաքին թշնամի, կռիվ, «բանավեճ»՝ համախմբվելու, սեփական սխալները չնկատելու, նորից ինքնահաստատվելու եւ այսպես ասած էներգետիկ «սնունդ» ստանալու համար: Երբ սեփական էներգիաս զրոյացվել է, պետք է այն ձեռք բեել ուրիշից՝ ներքաշելով նրան վեճի մեջ՝ անհեթեթ մեղադրանքների շուրջ: Կռիվը, ղալմաղալը, արհեստական վեճը դառնում է անհրաժեշտություն: Այստեղից էլ ամեն գնով «բանավեճը» հրահրելու մոլուցքը: Անձամբ ես գտնում եմ, որ որեւէ մեկին սնունդ տալու նպատակ այս պահին չունեմ՝ ինքներդ ձեր ռեսուրսներով ելքեր գտեք իրավիճակից:

***

Նախորդ գրառմանս շարունակությունը: Ի պատասխան այսօր հնչեցվող տարբեր մեղադրանքների՝ ես՝ Հրանտ Տեր-Աբրահամյանս՝ որպես ՀՀ քաղաքացի եւ ՀԱԿ համակիր ու ապագա անդամ, ընդունում եմ, որ հայտնի քաղաքական գործչի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի եւ շարժման՝ երեկ կրած բոլոր անհաջողությունների եւ կատարված սխալների մեջ մեղավոր եմ ես, նախեւառաջ՝ ես, եւ նույնիսկ՝ բացառապես ես, ինչպես նաեւ իմ բոլոր համախոհ ընկերները: Ընդունում եմ, որ եթե չլինեի ես, ապա ամեն բան կլիներ պարզապես փայլուն: Այսպիսով, ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել նույնիսկ իմ չարածների եւ չեղած բաների համար, իսկ դուք պատրա՞ստ եք պատասխանատու լինել գոնե ձեր արածների եւ եղածի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել