Ալիևը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԻՀԿ-ն իր համար միայն թատրոն է, ինքն՝ այդ թատրոնի դերասան, իսկ դրա անդամները՝ միամիտ ունկնդիրներ՝ երեկ տեղի ունեցած գագաթնաժողովից մեկ օր հետո Իսրայել գործուղելով Զաքիր Հասանովին։

Երեկ ԱՀ նախագահ Ի․ Ալիևը Գիտության ու տեխնոլոգիաների հարցերով Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջին գագաթնաժողովի ժամանակ, ակնարկելով որոշ իսլամադավան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ու խորացման փաստը, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող իսլամական որևէ պետության բարեկամ լինել, քանի որ «Ադրբեջանի տարածքում մզկիթներ է ավիրում»։

Չանդրադառնալով ԱՀ նախագահի հայտարարությանը՝ իրանակությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու խնդրին, ավելի տեղին կլինի հասկանալ, թե ինչքանով ունի Ադրբեջանի նախագահը նմանատիպ հայտարարություններ անելու իրավունք իսլամական տարբեր ամբիոններից։

Նախ՝ Ադրբեջանում Ի․ Ալիևն ինքը հայտնի է որպես մզկիթներ քանդող։ Միայն անցած տարի մայրաքաղաք Բաքվում քանդել է 2-3 շիայական մզկիթ։

ԱՀ շիա հավատացյալները զրկված են բոլոր իրավունքներից՝ ընդհուպ մինչև իրենց հավատքի ամենասրբազան ծեսը նշելու հնարավորությունից, իսկ բանտերում, ինչքան ասես, հավատացյալներ կան հենց միայն նրա համար, որ, ասենք, ուրբաթօրյա աղոթքի են մասնակցել։

Բացի այդ՝ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որի հանդեպ քննադատությունը և որի դեմ բանաձևերի ընդունումը ԻՀԿ անդամ երկրներին համախմբող միակ բանն է։

ԱՀ նախագահ Ի․ Ալիևը փաստացիորեն ծաղրում է ԻՀԿ անդամ երկրներին և, առհասարակ, իսլամը՝ երեկվա իր ելույթից հետո այսօր արդեն Իսրայել գործուղելով պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել