Միխայիլ Սաակաշվիլու՝ Ուկրաինա վերադարձը մի քանի ուշագրավ երևույթներ ի հայտ բերեց։ Դեռ վաղ է խոսել նրա հաջողություններից, որովհետև երեկ պարզ դարձավ հետևյալը. որևէ կերպ չնսեմացնելով նրա ունիկալությունը՝ դեռ վաղ է եզրակացություն անել ուժայինների բեբաշարության մասին։ Ժողովրդի ակտիվ զանգվածին ոստիկանությունը դեմքով շրջված է դիմավորել ու, օրինակ, մահակներով զինված չի եղել, ինչը նշանակում է, որ եթե ինչ-որ պահի կրքերը շիկանան, նրանք դեմ չեն լինի Սաակաշվիլուն ներս թողնել։ Բայց Սաակաշվիլին դեռ խնդիր ունի այս ալիքը վերածելու հանրային լայն բողոքի, ինչը դժվար է լինելու, որովհետև․
ա. ի տարբերություն Մայդանի դեպքերի՝ խոսքը չի գնում տարբեր արժեհամակարգերի բախման արդյունքում առաջացած ճգնաժամի մասին (Արևմուտք ու Ռուսաստան), այլ բացառապես ներքաղաքական խնդիր է։
բ․ Դոնբասի վերաբերյալ ՄԱԿ-ի զորքերի տեղակայումը որոշակիորեն իշխանության նկատմամբ դրական տրամադրվածություն է ապահովում հասարակության կողմից։
գ․ Ուկրաինան հալումաշ է եղել հեղափոխությունների ձեռքը, Արևմուտքն այս պահին ո՛չ «զահլա», ո՛չ փող ունի նոր Մայդան կազմակերպելու համար ու վիզ չի վերցնի, մի խնդրից չպրծած, մյուս խնդրին անցնել։
Սակայն հաշվի առնելով ուկրաինական քաղաքական միջավայրի անկայունությունն ու անկազմակերպ, փնթի գործելաոճը՝ լայնամասշտաբ հանրային բողոքի դեպքում Սաակաշվիլին միգուցե հաջողության որոշակի շանս ունենա, մանավանդ որ ուժայինները Յանուկովիչի դեպքում արդեն ցույց տվեցին, որ կարող են «զադնի դնել»: