Ասմունքող Լիանա Զուրաբյանի վերաբերյալ տեսանյութի հրապարակման իրավաչափությունը մեր քաղաքացիներից ոմանք կասկածի տակ են առել: Բնականաբար, սպասելի էր: Սպասելի էին նաև «քաղաքացիների իրավունքների խախտումներից չխորշող ոստիկանության» վերաբերյալ հրապարակումները: Դրանցից ամենացնցողը Դանիել Իոաննիսյանի` «PR-ը` օրենքից վեր» հոդվածն է: Հոդվածում Դ. Իոաննիսյանը պնդում է, որ ոստիկանությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, ըստ որի` առանց Լ. Զուրաբյանի համաձայնության տեսանյութը չէր կարող հրապարակվել:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` անձնական տվյալները մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենքներով:
Քննարկվող իրավանորմերի բովանդակության մեկնաբանությունը ավելի հիմնավոր կլինի, եթե դրանք պարզվեն սահմանադրաիրավական համապատասխան կարգավորումների բովանդակության մեջ:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
Այսպիսով՝ անձնական տվյալների հրապարակումը (մշակման ձև է) առանց համաձայնության իրավաչափ է, եթե իրականացվում է օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
Օրենքով սահմանված իրավաչափ հիմքերն իրենց ամրագրումն են գտել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում` խնդիրների կամ ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունների ձևով: Սրանց մեջ իրավախախտումների նախականխումն ունի առանցքային նշանակություն: Նախականխումը մնացած խնդիրներից տարբերվում է նրանով, որ դրա իրացման կամ կենսագործման հնարավոր մեխանիզմներն օրենսդրորեն հստակ կանոնակարգում չունեն և հանգում են, որպես կանոն, համոզման մեթոդներով աշխատանքների իրականացմանը: Այսինքն` նախականխումն իրականացվում է հայեցողական լիազորություններով, որոնք մարդու Սահմանադրական իրավունքների տիրույթում պետք է բավարարեն Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված իրավունքների սահմանափակման պիտանիության, անհրաժեշտության, համարժեքության չափանիշներին:
Իրավախախտումների նախականխումը գործառույթ է, որն իրականացվում է հասարակության գիտակցության, մասնավորապես` իրավագիտակցության վրա ներգործելու եղանակներով, որոնք միշտ չէ, որ դրսևորվում են կոնկրետ իրավահարաբերությունների տեսքով:
Տեղեկատվական դարաշրջանում արդյունավետ միջոցներից են նաև տեղեկատվական ազդեցության ձևերը, կոնկրետ դեպքում` տեղեկատվության տարածումը: Ոստիկանության պարագայում նմանաբնույթ տեղեկությունների տարածումն օրինավոր վարքը խթանող հասարակական կարծիք ձևավորելն է, այսինքն` ասմունքողի հետ կապված տեսանյութի տարածումն ունեցել է ոչ թե անձնական, այլ հասարակական շարժառիթներ, այլ կերպ ասած` օրինական նպատակ:
Հարց է առաջանում` կար արդյոք անհրաժեշտություն տեսանյութը հրապարակելու: Հիշեցնում եմ «Հրապարակ» թերթի 2017թ. սեպտեմբերի 4-ի հրապարակումը` «Ինչո՞ւ էին կանգնեցրել Լիանային ու իր փոքրիկին նախագահի տան հատվածում» տպավորիչ վերնագրով:
Անհնար է հոդվածը կարդալ և պահպանել հուզական չեզոքություն: 1 տարեկան երեխայի ներկայությամբ ոստիկանությանը վերագրվում էր խայտառակ պահվածք, որը սովորական քաղաքացու մոտ կարող է առաջացնել նվազագույնը զայրույթի զգացողություն: Այսինքն` իրավապահ մարմնի հասարակական վստահությունը կրկին թիրախավորվում էր:
Նման մանիպուլյացիաների թիրախը, վերջին հաշվով, պետական մարմինը չէ, այլ ամբողջ հասարակությունը:
Այսպիսի նյութերը հավաքականության մեջ վտանգավոր են հենց հասարակության համար, քանի որ առաջացնում են անպաշտպանվածության ու անվստահության մթնոլորտ: Տեսանյութը հրապարակվել է ոչ թե անձնական վրեժխնդության կամ այլ ստոր դրդումներով, ինչպես գնահատում են ոմանք իրենց հուզախառն հրապարակումներում, այլ բացառապես հանրային շահի սպասարկմանը խոչընդոտող տեղեկատվական ոտնձգությունը չեզոքացնելու նկատառումով: Անկասկած, նման հրապարակումները շոշափում են յուրաքանչյուր քաղաքացու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Ոստիկանությունը, սակայն, հրապարակելու որոշում կայացնում է այն դեպքերում, երբ գտնում է, որ հանրային շահը գերակայություն ունի սուբյեկտիվ իրավունքի նկատմամբ:
Երթևեկության անվտանգությունը հասարակական անվտանգության հիմնական օղակն է: Երթևեկության մասնակիցների և ճանապարհային ոստիկանության փոխհարաբերությունները իրենց բնույթով հանրային իրավահարաբերություններ են, և ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն կամ դիմադրություն ցուցաբերելու դեպքերն ունեն հանրային վտանգավորության այս կամ այն աստիճան: Նման արարքները ոտնձգում են թե՛ անվտանգության, թե՛ կառավարման սահմանված կարգի դեմ, ուստի, որպես կանոն, սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 
Ակնհայտ է, որ ոստիկանության կողմից կոնկրետ քաղաքացու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումն ունեցել է սահմանադրական նպատակ:
Երկու խոսքով ուզում եմ անդրադառնալ տեղեկատվություն տարածելու, որպես սահմանափակման միջոցի, չափավորությանը կամ համարժեքությանը:
Տեսանյութի հրապարակումը ոստիկանության կողմից չի ուղեկցվել պաշտոնական պարզաբանումներով ու մեկնաբանություններով: Ոստիկանությունը արհեստականորեն չի ստեղծել բացասական կարծիք կոնկրետ անձի շուրջ` ոստիկանության հասցեին ուղղված մեղադրանքների հավաստիության գնահատումը թողնելով բացառապես հանրության դատին:
ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
Եթե որևէ տեղեկություն ստանում է հանրային արձագանք, ընդ որում` ոչ ոստիկանության նախաձեռնությամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է, ի երաշխավորումն Սահմնադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի, հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Ի դեպ` պիտանի միջոցներից մեկը պաշտոնական կայքէջով պարզաբանում տարածելն էր: Դրանով հանդերձ, սակայն, միջոցն անարդյունավետ էր, քանի որ հանրության շրջանում մնալու էին չփարատված կասկածներ ոստիկանության ծառայողների բարեվարքության վերաբերյալ: 
Այսպիսով՝ ոստիկանությունը տեղեկատվական տիրույթում իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով.
1. Տեղեկատվության տարածումը պետք է բխի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված խնդիրներից (օրինական նպատակ):
2. Տեղեկատվության տարածումը պետք է բավարարի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համաչափության սկզբունքին: Այս սկզբունքի առկայությունը յուրաքանչյուր գործով որոշվում է առանձին, և գոյություն չունեն նախապես մշակված տեղեկատվական սցենարներ:
3. Տեղեկատվության տարածումը պետք է նպատակ ունենա ոստիկանության ծառայողներին պաշտպանելու տեղեկատվական անհիմն հարձակումներից, նրանց հեղինակազրկելու փորձերից, ինչը, մեծ հաշվով, նպաստում է ոստիկանության` հանրային շահերը սպասարկելու արդյունավետության բարձրացմանը:
Իրավախախտ անձանց արարքները կստանան ոչ միայն իրավաբանական գնահատական, այլև կդառնան հանրային քննարկման նյութ բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի անձինք, ունենալով հասարակական ճանաչում կամ հեղինակություն, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին ակնհայտ անհիմն կերպով կմեղադրեն անօրինականության կամ համընդհանուր բարոյականության տեսանկյունից անթույլատրելի արարքներ կատարելու մեջ` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական գործիքներն ու հնարքները:
Մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ ճանապարհային ոստիկաններին անհնազանդություն ցուցաբերելու գործողություններից, եթե վստահ չեն, որ նրանք կատարում են ակնհայտ ապօրինություններ:
Ոստիկանության ծառայողների գործողությունները բողոքարկելու համար գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, այդ թվում` 1-02 հեռախոսահամարին զանգահարելու հնարավորություն: Որքան արագ քաղաքացին օգտվի իր բողոքարկման իրավունքից, այնքան արդյունավետ կիրականացվի նրա խախտված իրավունքների վերականգնումն ու մեղավոր ծառայողներին պատասխանատվության կանչելու գործընթացը:

Հ.Գ. 
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող ոստիկաններին մի ահաբեկեք իրենց «շեֆերով», այդ ժամանակներն անցել են: Հակառակ պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ենթակա ծառայողն ու «շեֆը» տեղերով կփոխվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել