Քանի դեռ երկրում տիրող իրավիճակը քաղաքական էր, աշխատում էի զերծ մնալ «ստատուսներ» հրապարակելուց, բայց այսօր այն (երկրում տիրող իրավիճակը) արդեն հասարակական է, և ես ինձ իրավունք եմ վերապահում անդրադառնալ մի հասարակական հնչեղություն ստացած թեմայի, հատկապես որ այդ թեման առնչվում է ընկերոջս` Արմեն Մարտիրոսյանի անձի հետ: Սակայն նախապես ուզում եմ ԽՆԴՐԵԼ` չքաղաքականացնել ստատուսս!!! Խնդրանքս հատկապես վերաբերվում է առցանց «փողով PR անող» կուսակցականացված ջահելներին:
Որպես բնաբան` կուզենայի նշել, որ ամբողջ կյանքում որևէ կուսակցության չեմ անդամագրվել, և իմ ու ընկերոջս քաղաքական հայացքները ծայրահեղ տարբեր են, հետևաբար` այն, ինչ ասելու եմ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ ասածիս հետ կհամաձայնվեն (թեկուզ անձայն, հոգու խորքում) նաև իմ ու Արմենի ընդհանուր մյուս ընկերները, որոնք այսօր պետական կառավարման ապարատում առանցքային պաշտոններ են զբաղեցնում:
Հռետորական հարց. «Արմեն Մարտիրոսյանն ո՞վ էր: Էն տղե՞ն, որ 2008-ի հետընտրական բախումներում իր մարմնով ծածկեց ոստիկանին, որպեսզի վերջինս դանակի հարված չստանա»: Իսկ միգուցե երեկվա Արմենին «խփողը» կամ խփելու հրաման տվող թխամաշկ գիրուկը հենց 2008-ին Արմենի շնորհիվ դանակի շեղբից ազատվա՞ծն էր: Ես էս ամեն ինչը չէի ասի, եթե մարդկայնորեն էդքան չազդվեի համացանցում հայտնված նկարներից ու վիդեոյից, որտեղ Արմենը թշնամու կողմից գազանաբար ծեծվածի տեսք ուներ: Անկեղծ ասած` մինչև հոլովակի կեսերը վիդեոն դիտում ու ընկերոջս մտքումս հանդիմանում էի, թե «էս ի՞նչ ես անում, այ ախպեր, հետ կայնի, տենց չի կարելի»: Ասել կուզեմ, որ Արմենի արածն էլ չեմ արդարացնում: Բայց ոստիկանը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ծեծելու ու էդ աստիճան անհարգալից խոսելու Արմենի նման տղու հետ: Ի՞նչ ա նշանակում` «Խփի, տուր... Լավ, հերիք ա` տարեք, դրան քցեք ավտոն»... Էդ Արմենի հետ եք հա՞: Հալալ ա ձեզ: Գոնե մեկդ չպատկերացրե՞ց, որ գործ ունեք քաղաքական, հասարակական գործչի անձի հետ: Գործ ունեք շատ զիլ, կարգին տղու հետ: Տենց վայրենավարի վերաբերվում էիք մի տղու հետ, ով 5 տարի առաջ ձեզանից մեկի կյանքը փրկեց:
Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ես շատ բան չեմ ուզում ասել, սակայն ասեմ, որ այս ընթացքում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք հանդիպել, խոսել Արմենի հետ ու, թեև ամեն անգամ փորձել ենք երկուստեք զերծ մնալ քաղաքական բանավեճերից, այնուամենայնիվ` առիթը բաց չեմ թողել ասելու, որ դուք սխալ եք, Արմեն ջան: Ձեր ընտրած պայքարի ձևն ա սխալ, անտրամաբանական: Արդյունքում` տեսաք:
Բայց դա չի հիմա կարևորը, Արմեն ջան, եղբայրս... Կարևորը քո առողջությունն ա, պինդ կաց, ընկեր, կամ ինչպես դու ես սիրում միշտ ասել` «լաաա՜վ կաց !»: Քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում, ընկերս:

Հ.Գ. 1. Արմեն ջան, հուսով եմ՝ դեպքը այնպես չի վիրավորի քեզ, որ դադարես հարգել ոստիկանին: Քո իսկ ոճով` շարունակիր պաշտպանել փորձանքի մեջ հայտնված ոստիկաններին, թեև իրականում ոստիկանի գործն է քաղաքացիներին պաշտպանելը, այլ ոչ թե «արյունլվա» անելը:

Հ.Գ. 2. Հուսով եմ՝ ոստիկանական համակարգի ղեկավար անձնակազմն արդեն դիտել ու գնահատական տվել է սեփական սալդատի (զինվորի) կատարած «սխրագործությանը»:

Հ.Գ. 3. Քանի Զորավարը Րաֆֆու հետ աղոթում էր ազգի ու հայերի համար, ինչ-որ մեկը զորքի տղերքից վիրավորում ու անպարկեշտ արարքներ էր թույլ տալիս Արմենի պես տղու նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել