Քանի որ վերջին օրերին շատ է խոսվում քրդական հարցից, սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեից և դրանում Քիրքուքի մասնակցության խնդրից, ապա տեղին է այստեղ հիշել, որ չնայած հարևան Ադրբեջանում լուռ հետևում են Իրաքում ընթացող զարգացումներին, սակայն ադրբեջանական քարոզչության և ապագայի հետ կապվող «ծրագրերի» մեջ իր ուրույն տեղն ունի Իրաքի հյուսիսային հատվածը, այդ թվում և՝ Քիրքուքը։ Քիրքուքը շատ հաճախ է տեղ գտնում այսպես կոչված «Մեծ Ադրբեջանի» քարտեզներում, որոնք գծվում են տարբեր ազգայնական, հաճախ պետական հովանավորությամբ գործող շրջանակների կողմից։
ԱՀ նախկին նախագահներից Աբուլֆազ Էլչիբեյի՝ «Միացյալ Ադրբեջանի ճանապարհին» (Bütöv Azərbaycan yolunda) գրքում (Անկարա, 1998) «Ադրբեջանական Իրաք» (Azərbaycan İraqı) եզրը հանդիպում է ոչ մեկ անգամ:
Մշակութային յուրացման տեսակետից եթե նայենք, ապա այս առումով ուշագրավ է այն, որ Բաքվում են կանգնեցված իրաքյան թուրքմեն բանաստեղծներ Իմադ ադ-Դին Նասիմիի և Ֆիզուլիի (Մուհամմադ իբն Սուլեյման Բաղդադի) արձանները, որոնք ներկայացվում են որպես ադրբեջանական գրականության ներկայացուցիչներ, չնայած որ երկուսն էլ հիմնականում ստեղծագործել են պարսկերենով և արաբերենով։
Ստորև դրված է վերևում նշված շրջանակների կողմից գծված և քարոզվող քարտեզներից մեկը, որտեղ, ի շարս այլ «անհեթեթությունների», կարելի է տեսնել նաև Քիրքուքի ներառումը ադրբեջանցիների երազած «պետության» կազմում։