Եվ այսպես, այսօր` ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Հեղինե Բիշարյանը և Սամվել Ալեքսանյանը Համալիրից, իրար բարեկամաբար ձեռք բռնած, լրագրողների հետ զրուցելով իջնում եին... Ճիշտն ասած, երբ ես նայեցի այս տեսանյութը սկզբից իմ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մի պահ «չափից դուրս» մտերիմ էին երևում տարբեր կուսակցությունների կարկառուն դեմքերը: Բայց մինչ այդ լավ ծանոթ լինելով ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի հիրավի հմուտ քաղաքական գործիչ Հեղինե Բիշարյանի քաղաքական հետագծին և նրա կամային հատկանիշներին՝ ես հասկացա, որ մի բան «այստեղ այն չէ», պետք է նորից նայել այս «ռոլիկը»: Եվ ահա ինչ պարզեցի ինձ համար այսպես ասած «քաղաքական շոու» հիշեցնող, այս տեսանյութի ընթացքում` Հեղինե Բիշարյանը իրեն պահում էր «սատիրային բնորոշ իրոնիկ կերպարին հարիր հերոսուհու» նման: Այսինքն՝ նրա կողմից նույնիսկ «բարեկամության հավաստիքները»՝ ուղղված Սամվել Ալեքսանյանին, հնչում էին շատ յուրահատուկ իրոնիայով: Ի տարբերություն իրեն՝ Սամվել Ալեքսանյանի պատասխանները պարզ հարթության մեջ էին, որտեղ նա նույնիսկ օգտագործում էր «հորս արև» իրեն բնորոշ արտահայտությունը: Եվ այսպես, խոսակցության ժամանակ լրագրողներից մեկի հարցին Սամվել Ալեքսանյանի ունեցվածքի վերաբերյալ տիկին Բիշարյանը հումորային ժանրին բնորոշ միմիկայով անցում կատարեց: Նա հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը ոչինչ չունի, այս ամենը, ինչ կա, պատկանում է նրա կնոջը: Կարծես թե ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, նա ասաց այն, ինչ «օֆիցիալ ֆորմատով» բազմիցս հայտարարել է նույն ինքը Սամվել Ալեքսանյանը: Բայց, երբ Հեղինե Բիշարյանը, պատահած առիթից օգտվելով, մի երկու անգամ նորից հիշեցրեց, որ Սամվել Ալեքսանյանը ոչ մի կարողություն չունի, արդեն պարզ դարձավ, որ նա այստեղ հետապնդում է այլ խնդիր: Իսկ խնդիրը, իմ սուբյեկտիվ կարծիքով, կայանում էր հետևյալում` պահը չկորցնելով ցույց տալ, որ անձամբ ինքը՝ Հեղինե Բիշարյանը, չի ընդունում, որ ԱԺ-ում ներգրավված լինեն խոշոր բիզնեսմեններ:
P.S. Հեղինե Բիշարյանը մինչ այդ էլ տարբեր ամբիոններից բազմիցս անդրադարձել է այդ կարևոր թեմային:



