Ներքոշարադրյալ 5 հոդվածների համար անձամբ ես ինչ պիտակի ասես չարժանացա, և ինձ նման շատ ընկերներ, որոնք հրապարակավ համարձակվեցին անկեղծորեն վերլուծել ներքաղաքական իրավիճակը և առաջարկել ելքեր: Բազմիցս արժանացանք տարաբնույթ վիրտուալ քարկոծումների, մինչդեռ անհրաժեշտ էր ունկնդրել առաջարկվող տարբերակները, որպեսզի վերջին պահին ընդդիմության լիդերները չհայտնվեին ցայտնոտի մեջ: Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ուսերն է թոթովում քաղաքացիների հարցերին ի պատասխան, թե ինչ եք պատրաստվում անել, ավելին՝ ինքը հարց է տալիս՝ դուք ինչ եք առաջարկում... Մինչդեռ ամեն օր համացանցում հնչում էին բազմաթիվ առողջ առաջարկներ, որոնք այդպես էլ մնացին ձայն բարբառո հանապատի...
Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր ինձ ասում էին, որ եթե իմ կանխատեսումները սխալ դուրս գան, ես պետք է ներողություն խնդրեմ... Անկեղծորեն ցավում եմ, որ այդ ներողության առիթը չունեցա...
Եթե ժամանակ ունեք՝ կարդացեք, հետաքրքիր տարեգրություն է...

ԼԵՎՈՆ - ՐԱՖՖԻ, ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ

Պայքարը հանուն տարրական ժողովրդավարական նորմերի արմատավորման որևէ կապ չունի պայքարի ժամանակագրական առաջնորդի անձի հետ: Համացանցում մղվող բանավեճը արհեստական բաժանարար գծեր է քաշում ազատության համար պայքարողների միջև` տվյալ դեպքում հանգեցնելով Րաֆֆու և Լևոնի կողմնակիցների փոխադարձ կսմիթների: Երբ հասարակությունը արտահայտում է իր ցասումը քվեի միջոցով` այդ պահին ընտրում է իր կողմից ընկալվող հակաիշխանական թեկնածուների ամենահարմար տարբերակը, և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Հովհաննիսյանի դեպքում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ քվեարկել են ոչ թե կոնկրետ անձի, այլ հասարակության մաքսիմալ մոբիլիզացիան ապահովող խորհրդանիշի օգտին: Հետընտրական առաջին հիասթափությունը, որ ունեցա, հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակական շերտերի և ընդդիմադիր հարթակի սեփականաշնորհման փորձն է... Հարկավոր է ոչ թե առիթից օգտվել` իրավիճակը րաֆֆիականացնելու համար, այլ հունավորել հասարակական մոբիլիզացիան` կոնկրետ արդյունք ստանալու համար: Հակառակ պարագայում Րաֆֆուց նոր Տեր-Պետրոսյան կերտելու փորձերը կնոսրացնեն ակտիվության նշաններ ցույց տվող քաղաքական շարժման շարքերը: Ես նկատել եմ, որ հասարակական ակտիվի մի զգալի մասը, չհաշտվելով այս երևույթի հետ, փնթփնթալով, անվստահորեն է արտահայտվում ձևավորվող շարժման մասին, չնայած հազիվ են զսպում իրենց կիրքը` նետվելու ժողովրդավարական արժեքների համար պայքարի... Չպետք է մոռանալ, որ ընդդիմադիր այդ հատվածը մշտապես գտնվել է պայքարի առանցքում, և բաժանարար գծերի անցկացումը «լևոնական» և «րաֆֆիական» հասարակական ակտիվի միջև նշանակում է էն գլխից ուղղակի սպանել նոր շարժումը...

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ

Նախագահական ընտրություններից հետո բարձրացած հերթական բողոքի ալիքը, իհարկե, ինքնաբուխ է և ազնիվ, որովհետև հասարակության ընդդիմադիր հատվածը արդարության հաստատման մղումով հավաքվել է այս պահին միավորիչ գործառույթի պարտականությունները ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Րաֆֆուց սպասումները մեծ են, մշտապես ընտրությունների միջոցով սահմանադրական իշխանափոխության ձգտած և մշտապես ձախողված հասարակությունը ինքնուրույն, առանց լուրջ տեխնոլոգիաների ազդեցության, ինքը ստեղծեց իր նոր շարժման ղեկավարին` ակնկալելով նրա միջոցով այդքան բաղձալի սահմանադրական կարգերի հաստատումը: Այս շարժումը ՀՀ իշխանությունների և ընդդիմության առջև դրել է առավել կարևոր առաջադրանք:
Տարիներ շարունակ բախվելով սահմանադրական ճանապարհով իշխանափոխության ձախողման փաստին` հասարակության զգալի հատվածը կորցրել է հավատը օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու և ընդհանրապես խաղաղ ճանապարհով իր պայքարի հանգուցալուծմանը հասնելու նկատմամբ: Հասարակության մեջ աստիճանաբար մեծանում է արմատական տրամադրված քաղաքացիների զանգվածը, որոնք փոփոխությունների հասնելու համար տեսնում են ուժի կիրառման ճանապարհը: Սա, անշուշտ, վտանգավոր և արկածախնդիր միտում է, սակայն մեղադրել քաղաքացիների այդ հատվածին` ազնիվ չէ, որովհետև մարդկանց նման ծայրահեղականության դրդում են և իշխանությունները` մշտապես անտեսելով նրանց արդարացի սոցիալական և քաղաքական պահանջները, և ընդդիմության որոշակի հատվածը` հանդես բերելով անվճռականություն և խուսափողական մոտեցում արդարություն հաստատելու հասարակական պահանջի նկատմամբ, երբեմն էլ հասարակական վստահության բագաժը օգտագործելով` քաղաքական առևտրում առավել շահեկան մասնաբաժիններ ստանալու համար:
Այս պահին իշխանությունները և ընդդիմությունը պետք է իրենց գործողություններում լինեն չափազանց զգույշ, որպեսզի հերթական անգամ հիասթափված հասարակության մեջ չգերիշխեն արմատական տրամադրությունները: Իշխանությունները պետք է գնան մաքսիմալ զիջումների, որպեսզի հասարակությունը կարողանա քաղել իր պայքարի արդյունքները: Հակառակ պարագայում հաջորդ ընտրություններին կառաջանա արմատական հոսանք, որը կնետվի պարիսպներ խորտակելու` դրանից բխող բոլոր հետևանքներով…

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ

Երբ քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարում՝ անկախ նրանից, թե այդ քայլը որքանով է ընդունելի կամ անընդունելի վերլուծաբանների կամ հասարակության այս կամ այն հատվածի համար, անտրամաբանական կլիներ, որ արդյունքը լիներ տվյալ գործչի ֆիզիկական գոյության իրական վտանգումը: Միշտ մի որևէ կետում հացադուլը կամ պետք է ունենա կոնկրետ արդյունք՝ ազդարարելով ակցիայի ավարտը, կամ էլ անարդյունավետության դեպքում պետք է ընտրել պայքարի այլ, այդ պահին առավել կիրառելի տարբերակը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն, անշուշտ, արդեն մոտենում է ֆիզիոլոգիական այնպիսի հետևանքների նախաշեմին, երբ հացադուլի հետևանքները ավելի շատ ֆիզիկական, քան քաղաքական կարող են լինել: Որքան էլ Րաֆֆու քայլը անձնազոհության գեղեցիկ օրինակ է, անհրաժեշտ է ընտրել մարտավարական նոր ոճ. ի վերջո պետք է հաշվի առնել, որ առաջնորդի ֆիզիկական տկարությունը կարող է ազդել նրա շուրջ հավաքված ընդդիմադիր հասարակական սեկտորի կառավարելիության վրա...
Թերևս հացադուլի դադարեցման քաղաքական դրդապատճառ ստեղծելու համար Սերժ Սարգսյանը հրապարակավ պատրաստակամություն է հայտնել բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ հիմք ընդունելով Րաֆֆու կողմից առաջարկված առաջարկությունները...
Չնայած հստակ է, որ Րաֆֆին իր պահանջած լծակները, այնուամենայնիվ, չի ստանա, բայց սպասվելիք բանակցությունները ներկայումս թե ընդդիմության, թե իշխանության համար փակուղուց դուրս գալու միակ ելքն են... Ընդդիմության համար սա նոր քաղաքական օրակարգ է, իսկ իշխանության համար՝ ներքաղաքական ընդդիմադիր էներգիան լիցքաթափելու հնարավորություն...
Երևի այդքան էլ թերացած չեմ լինի իմ կանխատեսումներում, եթե ասեմ, որ վաղը, հավանաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը...

ՇԱՐԺՈԻՄՆԵՐԸ ՈՐՔԱՆ ՀՆԱՆՈՒՄ ԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԴԺՎԱՐ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Քանի որ «միայն իմ դիակի վրայով» հայտարարությունը պոկեց իր բաժին ուռաները և անցավ պատմության գիրկը, թամաշան շարունակելու համար հրապարակային ռազբորկաների շրջափուլի մեկնարկ է տրվել... Անհարիր է երկրի քաղաքացիական մեծամասնության քվեները ստացած մարդու համար՝ գնալ տեղական իշխանիկների հետ բազարների, դու ով ես, բա դու ով ես մակնիշի քաշքշոցների... Դու պետք է քեզ վեր դասես մանր-մունր ռազբորկաներից... Եթե Սյունիքի մարզպետը կոնկրետ ուժի սպասավորն է, դու ամբողջ հասարակության սպասավորն ես և պետք է նման լպիրշություններին պատասխանես մաքսիմում խոսնակի մակարդակով... Նմանատիպ դեպքերը կարող են կարճատև էֆեկտով ապահովել զանգվածների հետաքրքրության որոշակի մակարդակ քո անձի նկատմամբ, սակայն անգիտակցաբար ինքդ քո շուրջ ծուղակ ես հյուսում, տեղափոխվում ես բոլորովին այլ դաշտ, խաղում ես բոլորովին այլ խաղ...
Փոխիր մարտավարությունդ, անցիր ինստիտուցիոնալ պայքարի... Հետընտրական բողոքի ալիքները եթե գոնե բարոյական հաղթանակներ չեն արձանագրում՝ շատ արագ մարելու միտում ունեն... Ժամանակին Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտակցեց այս ֆորմուլան և ստեղծեց ՀԱԿ-ը, որ գոնե մի որոշ ժամանակ կարողացավ քաղաքական կյանքը շարժել իր առանցքում: Նման մանր ինտրիգների խառնվելու դեպքում Րաֆֆին ինչպիսի ժառանգություն է ակնկալում այս շարժումից... Ազատության հրապարակում ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծելու բազմաթիվ փորձեր եղան, ինչու դադարեցրիք, չէ որ անհրաժեշտ է գործուն, ճկուն մեխանիզմ ստեղծել, որը կկատարի շարժման ՞սև գործը՞... 
Մինչդեռ շարժումները որքան հնանում են, այնքան քիչ կառավարելի են դառնում...
Դեռ ուշ չէ, Րաֆֆի...

ԱՊՐԻԼԻ 9-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳԸ

Համադրելով ապրիլի 9-ի սպասումներին վերաբերող հայտարարությունները և կանխատեսումները՝ ենթադրում եմ, որ հատկապես ընդդիմության համար ինագուրացիայի արարողությունը հավակնում է դառնալ մրցաշրջանի եզրափակիչ փուլը... Սակայն շարունակում է անհայտ մնալ, թե անգամ իշխանությունների դարպասը մի քանի գոլ ուղարկելուց հետո Բարևի հեղափոխության լիդերները ինչպես են այն վերածելու կոնկրետ քաղաքական արդյունքի...
Այն, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակը լինելու է մարդաշատ՝ կասկած չի հարուցում: Ինագուրացիայի ինտրիգը ընդդիմադիր հասարակական սեկտորին ուղղելու է դեպի հրապարակ՝ այնտեղ են լինելու Րաֆֆու նվիրյալները, նրան չհավատացող, բայց իշխանափոխություն պահանջող ընդդիմադիր հատվածը, վճռական գործողությունների կողմնակիցները, ծույլերը, ուժեղները, թույլերը, պարապները, զբաղվածները, անտարբերները... Մասովկան լինելու է լիակատար, սակայն գործողությունների գոնե նախնական ՞ճանապարհային քարտեզի՞ բացակայությունը արդեն իսկ իջեցնում է դեռ չկայացած հանրահավաքի օգտակար գործողութան գործակիցը: Միգուցե հանրահավաքի ինտրիգը հենց իր անորոշության մեջ է, բայց արդեն իսկ ուրվագծվող սցենարը որոշակի հարցականներ է առաջացնում:
Եթե ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ևս պատրաստվում է երդմնակալության՝ նշանակում է, որ նա պատրաստվում է երկրում երկիշխանության հաստատմանը: Արդյոք նա ստեղծել է այն ինստիտուցիոնալ կառույցները, որոնք թեկուզ ֆիկտիվ երկիշխանության պատրանքի դեպքում սպասարկելու են հասարակության ընդդիմադիր հատվածին: Հաշվարկված է արդյոք նրանց գործողությունների ծրագրում, որ ապրիլի 9-ը լինելու է ընդդիմության կուլմինացիոն պահը, որից հետո հավաքված լիցքերը կտրուկ կարող են թուլանալ: Եվ արդյոք ապրիլի 9-ի հանրահավաքը Երևանի ավագանու ընտրությունների միջակայքում առաջացած վակուումը լրացնելու համար չէ...
Ապրիլի 9-ին հասարակությունը պետք է հասկանա, թե ուր են տանում հասարակությանը ընդդիմության առաջնորդները: Հակառակ պարագայում Երևանի ավագանու ընտրությունները կկորցնեն իրենց քաղաքական երանգը, իսկ Ազատության հրապարակը՝ իր հրապույրը...

Վարուժան Բաբաջանյան
09,04,2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել